Հայաստանում նշվում է Աշխատավորների օրը
Հայաստանում մայիսի 1-ին նշվում է Աշխատավորների օրը:
Այն տոնում են ավելի քան 140 երկրներում: 80 երկրներում այդպիսի տոն ընդհանրապես չկա, իսկ մի շարք պետություններում, օրինակ` ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում, Աշխատավորների օրը նշվում է ոչ մայիսի 1-ին:
Տարբեր ժամանակաշրջաններում տարբեր նշանակություններ են հաղորդվել մայիսի 1-ին՝ Գարնան եւ աշխատանքի օր, Գարնան օր, Աշխատավորների համերաշխության միջազգային օր:
Ըստ պատմաբանների, մայիսի առաջին օրը Եվրոպայի տարածքում նշել են դեռ հեթանոսական շրջանում. այսպես կոչված «Վալպուրգյան գիշերվա» ծեսը կատարվել է ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը: Քրիստոնեության դարաշրջանում եկեղեցին վերացրել է այդ ծեսը:
19-րդ դարում բանվորական շարժման տարիներին մայիսի 1-ի տոնը վերականգնվել է: Շարժման հիմնական պահանջներից մեկը 8-ժամյա աշխատանքային օրն էր: 1886 թվականի մայիսի 1-ին Միացյալ Նահանգներում եւ Կանադայում կոմունիստական եւ սոցիալիստական կուսակցությունների նախաձեռնությամբ տեղի են ունեցել բողոքի ցույցեր եւ երթեր: Չիկագոյում երթը ցրելու ժամանակ սպանվել է 6 ցուցարար: Դրան հաջորդել են բողոքի լայնածավալ ակցիաներ, պայթյունի հետեւանքով սպանվել է 8 ոստիկան: Դատարանի վճռով ցույցի մասնակից 4 բանվորներ մահապատժի են ենթարկվել: 1889 թվականին Երկրորդ ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը ի հիշատակ այդ բանվորների մայիսի 1-ը հռչակել է Աշխատավորների համերաշխության միջազգային օր:

