Հայկական գորգ․ պատմություն, մշակույթ և անհետացած գլուխգործոց

Հայոց մշակույթում գորգագործությունն առանձնահատուկ տեղ ունի՝ և՛ որպես արհեստ, և՛ որպես ինքնության կրող։ Հայաստանում գորգագործությունը զարգացած է եղել դեռևս վաղ ժամանակներից․ դրա մասին վկայում են Արենի-1 քարայրում հայտնաբերված գործվածքները, ինչպես նաև Ք.ա. 5-րդ դարով թվագրվող պազիրիկ գորգը։ Հայկական գորգարվեստի մասին հիշատակություններ են պահպանվել նաև պատմիչների աշխատություններում։

Պատմական Հայաստանում գորգերն ու կարպետները եղել են կենցաղի անբաժանելի մաս։ Դրանց փռում էին հատակին, կախում պատերից, նաև օգտագործում որպես ծածկոց։ Գրեթե բոլոր բնակավայրերում զարգացած էր գորգագործությունը, և այն դարձել էր նաև ընտանեկան ավանդույթի մաս։ Հայ աղջիկների օժիտը դժվար էր պատկերացնել առանց ձեռագործ գորգերի, ուստի նրանք վաղ տարիքից սովորում էին այս արհեստը՝ իրենց ապագա կյանքի համար։

Սակայն գորգագործության պատմությունը միայն ստեղծագործական վերելքի պատմություն չէ։ Պատերազմները, արշավանքները և քաղաքական անկայունությունը հաճախ ծանր հարված են հասցրել այս արվեստին։ Եկեղեցական հավաքածուները կամ թալանվել են, կամ էլ դրանց մի մասը հարկադրված նվիրաբերվել է՝ ավերումներից խուսափելու համար։ 

Ոսկեդար և ձևերի բազմազանություն

Միջնադարը հայկական գորգագործության իսկական ոսկեդարն էր։ Այս ժամանակաշրջանում ձևավորվեցին գորգերի ոճական առանձնահատկությունները, որոնք դարձան ճանաչելի և ազդեցիկ։ Հայկական գորգերն այնքան հայտնի էին, որ միջնադարում ջուլհակագործությունն անգամ անվանում էին «հայկական թելեր»։

Մանրանկարները, մատյանների պատկերազարդումները և պահպանված փոքր պատառիկները թույլ են տալիս պատկերացնել այդ ժամանակաշրջանի գորգերի տեսքը։ Առավել տարածված տեսակներից էին վիշապագորգերը՝ վիշապների և Կենաց ծառի պատկերներով, արծվագորգերը՝ ուժի և իշխանության խորհրդանիշ արծիվներով, ինչպես նաև օձագորգերը՝ արևի սկավառակներով զարդարված օձային մոտիվներով։

Սակայն միջնադարյան գորգարվեստի ամբողջական պատկերը հասկանալու համար կարևոր է անդրադառնալ նաև կոնկրետ նմուշների, որոնք մարմնավորում են այդ ժամանակաշրջանի գեղարվեստական մտածողությունը։

Եռախորան գորգ․ անհետացած վկայություն

Այդպիսի բացառիկ օրինակներից է Եռախորան գորգը, որը համարվում է հայկական ամենահին արձանագիր պահպանված գորգերից մեկը։ Այն պատկանում է խորանավոր գորգերի խմբին և առանձնանում է իր կառուցվածքով ու խորհրդաբանությամբ։

Այս տիպի գորգերը բնորոշվում են մեկ կամ մի քանի խորաններով, որոնք բաժանված են սյուներով և հաճախ զարդարված բուսական ու ծաղկային տարրերով։ Խորանի գագաթից կախված ջահը ևս կարևոր բաղադրիչ է։ Նման գորգերը սերտորեն կապված էին եկեղեցական ծիսակարգի հետ և հիմնականում օգտագործվում էին որպես աղոթքի գորգեր։

Եռախորան գորգի գեղազարդման հիմքում ընկած է կամարազարդ խորանների համակարգը։ Դրանք իրարից առանձնացված են սյուներով, իսկ վերին հատվածը զարդարված է կենդանակերպ և բուսական մոտիվներով։ Գորգը եզերված է ծաղկաշղթայով ձևավորված լայն գոտիով և երկու նեղ եզրագծերով։

Ցավոք, այս եզակի գորգը ներկայումս համարվում է անհետ կորած։ Մինչ այդ այն պահվում էր Վիեննայում՝ մասնավոր հավաքածուում։ Գորգի մասին առաջին գիտական հրապարակումը արվել է 1895 թվականին գերմանացի արևելագետ Ալոիզ Ռիգլի կողմից, ով, հիմնվելով հայագետ Գրիգորիս Գալեմքարյանի մեկնաբանության վրա, այն թվագրել է 1202 թվականով և կապել Բանանցի հետ։