Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից. Հիշողություն, որը պարտադրում է արդարություն

Այսօր հայ ժողովուրդը և առաջադեմ մարդկությունը նշում են 20-րդ դարի առաջին մեծագույն ոճրագործության՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացված պետական հանցագործությունը՝ 1,5 միլիոն անմեղ հայերի բնաջնջումը, մնում է չսպիացող վերք և չլուծված դատ։ Ապրիլի 24-ը մեզ համար պարզապես սգո օր չէ, այլ վերապրման, հիշողության և արդարության պահանջատիրության խորհրդանիշ։

Ցեղասպանությունը չի սահմանափակվում միայն ֆիզիկական ոչնչացմամբ. դրա անբաժանելի մասն է կազմում նաև մշակութային եղեռնը՝ ժողովրդի հոգևոր ու պատմական հետքի վերացումը։ Ցավոք, 111 տարի անց մենք տեսնում ենք, որ այս ձեռագիրը մնում է անփոփոխ։

Հատկանշական է, որ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցից ընդամենը օրեր առաջ Ստեփանակերտում հիմնահատակ քանդվել է Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր տաճարը։ Խոսքը այն հոգևոր կառույցի մասին է, որի հիմքը դրվել էր 2006 թվականի հուլիսի 19-ին, իսկ խորանը 2019 թվականի ապրիլի 7-ին հանդիսավորությամբ օծվել էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ։ Տաճարի ավերումը տարելիցին նախորդող օրերին ևս մեկ անգամ փաստում է, որ հայկական ներկայության հետքերը ջնջելու հետևողական քաղաքականությունը շարունակվում է նույն մեթոդներով՝ օգտվելով միջազգային հանրության անտարբերությունից։

Այսօր, երբ մենք գլուխ ենք խոնարհում մեր անմեղ նահատակների հիշատակի առջև, պարտավոր ենք գիտակցել, որ մեր հոգևոր և մշակութային արժեքների պաշտպանությունը հայապահպանության նոր ճակատն է։ 111 տարվա պատմությունը սովորեցնում է մեզ, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ։

Մեր հիշողությունն անմեռ է, իսկ պահանջատիրությունը՝ անդադրում։ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը ևս մեկ առիթ է աշխարհին հիշեցնելու, որ մշակութային վանդալիզմն ու էթնիկ զտումները չեն կարող լռեցնել մի ողջ ժողովրդի աղոթքն ու ապրելու կամքը։