Հանրապետության հրապարակ. մինչ օրս հիացնող Թամանյանի հերթական շեդևրը
Հանրապետության հրապարակը ոչ միայն Երևանի սիրտն է, այլև Հայաստանի ամենագլխավոր հրապարակը: Չկա որևէ հայ կամ այլազգի որևէ մեկը, ով այցելի Երևան ու չհայտնվի Հանրապետության հրապարակում, քանի որ այն աշխարհի ամենագեղեցիկ հրապարակներից մեկն է համարվում:
Ալեքսանդր Թամանյանի նախագծած քաղաքի գլխավոր հատակագծի (1924 թ.) հերթական շեդևրներից մեկը 1940-1990թթ. կոչվել է Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինի անունով, որտեղ մինչև 1991 թվականը կանգնած էր Լենինի արձանը:
Հրապարակը կառուցվել է մի քանի փուլով, շինարարության սկիզբը դրվել է 1926-ին, և ներկայիս տարածքը մտել է Երևանի նախախորհրդային բնակելի գոտու մեջ: Զարդաքանդակները կատարել են Տարագրոսը, Վաղարշակ Մելիք-Հակոբյանը: 1936 թ., Ալեքսանդր Թամանյանի մահից հետո, Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն հայտարարել է հրապարակի հատակագծման և կառուցապատման նախագծի մրցույթ: Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ (1924-1938) Նիկողայոս Բունիաթյանի գլխավորած մրցույթը էական փոփոխություններ չի մտցրել հրապարակի կառուցապատման ընթացքի մեջ:
2003 թ. հրապարակում իրականացված վերանորոգման աշխատանքների ժամանակ ջրավազանի արևմտյան անկյան տակ բացվել են ուղղանկյուն հատակագծերով թաղածածկ նկուղներ: Այնուհետև, հուշարձանները կոնսերվացվել են սորուն ավազով և ասֆալտապատվել: Դրանք XVIII-XX դդ. Երևանի կառուցապատման ստորգետնյա հատվածներ են, որոնց վերգետնյա շինությունները, ելնելով հրապարակի կառուցապատման անհրաժեշտությունից, քանդվել են դեռևս 1920-1930-ական թթ.:
Հանրապետության հրապարակի համալիրը խորհրդային ճարտարապետության լավագույն գործերից է, քաղաքաշինական արվեստի արժեքավոր հուշարձան: Բոլորովին վերջերս ֆրանսիական Le Figaro պարբերականը հրապարակել է աշխարհի հազվագյուտ «վարդագույն քաղաքների» ընտրանին՝ այն վայրերի, որտեղ ճարտարապետությունը ներկված է վարդագույնի տաք երանգներով՝ բաց տուֆից մինչև հագեցած տեռակոտա։ Հնգյակում ընգրկվել է նաև Երևանը հենց Հանրապետության հրապարակի շրջակայքի տուֆապատ շենքերով: «Երևանի «վարդագույն ոճը» հատկապես տեսանելի է դարձել 20-րդ դարում՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով իրականացված քաղաքի վերակառուցման արդյունքում»,- ասվում է հրապարակման մեջ:

