Մխիթար Հերացի. ժամանակը հաղթած միջնադարյան հայկական բժշկության լուսատու
Մենք սիրում ենք պատմության էջերում գտնել անուններ, որոնց մասին ասում ենք. Նա ժամանակից առաջ էր անցել, նա ապրում էր մի քանի տասնամյակ կամ հարյուրամյակ առաջ: Մխիթար Հերացին հայկական պատմության ամենավառ ներկայացուցիչներից է, ում մասին մենք հանգիստ դա կարող ենք ասել:
Երաժշտություն սթրեսի ժամանակ, դիետա՝ տապի դեմ, բարձր կալորիականությամբ սնունդ՝ թոքախտի դեմ պայքարում: Հերացին համակարգել է անցյալի բժշկական փորձը և ստեղծել աշխատություններ, որոնք մնացել են արդիական ինը դար: Հայկական բժշկության համար Հերացին նույնքան նշանակալից է, որքան Հիպոկրատը՝ հունական, Գալենը՝ հռոմեական, իսկ Իբն Սինան՝ արաբական բժշկության համար:
Հայ բժիշկ, բնագետ և փիլիսոփա Մխիթար Հերացին ծնվել է 1120թ.։ Հայ դասական բժշկության հիմնադիրն է։ Մասնագիտական կրթությունը ստացել է Կիլիկյան Հայաստանում, գիտաբժշկական գործունեությունը ծավալել է Սիս քաղաքում ու կաթողիկոսանիստ Հռոմկլա ամրոցում Ներսես Շնորհալու և Գրիգոր Դ Տղայի հովանավորությամբ: Տիրապետել է հունարենին, արաբերենին, պարսկերենին: XII դ. 60-ական թթ. արդեն ուներ մեծ բժշկապետի համբավ:
Կաթողիկոս Ներսես Շնորհալին նրան նվիրել է «Երկնքի և նրա լուսատուների մասին» պոեմը: Հերացին իտալացի գործընկեր Բեռնարդինո Ռամացինիից հինգ հարյուր տարի առաջ ուշադրություն հրավիրեց մասնագիտական հիվանդությունների հատուկ կատեգորիայի՝ ապակեգործների տենդի վրա։ Այս տաղանդավոր բժիշկը տեսականորեն ապացուցեց, որ բարձր ջերմությունը օրգանիզմի ներքին փոփոխությունների արդյունք է, ինչը միջնադարյան բժշկության համար հեղափոխական գաղափար էր։
Մխիթար Հերացին մեծ ներդրում ունեցավ հայկական բժշկական տերմինաբանության զարգացման գործում։ Մերժելով օտար տերմինների՝ հունարեն, արաբերեն և պարսկերեն կույր փոխառությունները՝ նա որոշեց ստեղծել գիտական տերմիններ՝ հիմնվելով իր մայրենի լեզվի վրա։ Այս տերմիններից շատերը մինչ օրս գործածվում են հայկական բժշկական տերմինաբանության մեջ։
Բժշկի գործունեության հետ միաժամանակ նա լուրջ հետաքրքրություն է ցուցաբերել մարդակազմության, ախտաբանության, ակնաբուժության, դեղագիտության ու բնագիտության հարցերի նկատմամբ, դարձել հայ բժշկության մի շարք ճյուղերի հիմնադիր և ստեղծել արժեքավոր երկեր, որոնցից պահպանվել են սոսկ մասունքներ:
Այսօր Երևանի փողոցներից մեկը և բժշկական համալսարանը կրում են նրա անունը, իսկ առողջապահության ոլորտում ունեցած ներդրման համար շնորհվում է Հերացու մեդալ։

