Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. առաջին կաթողիկոսը
Առաջիկա օրերին մեկը հիշատակելու ենք Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտքը Խոր Վիրապ, որտեղից սկսվեցին մեծ սրբի սոսկալի չարչարանքները։ Տոնը Եկեղեցին նշում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Այն հայոց առաջին հայրապետի հիշատակության երեք տոներից առաջինն է տարվա ընթացքում:
Սուրբ Գրիգոր Լուսավորչի հայրը Անակ Պարթև իշխանն էր։ Նա մեծացել և կրթվել էր Կեսարիայում՝ դաստիարակվելով իբրև բարեպաշտ քրիստոնյա, քանի որ Կեսարիան համարվում էր ժամանակի քրիստոնեական կենտրոններից մեկը: Սուրբ Գրիգորը 22 տարեկանում ամուսնացել էր Մարիամ անունով մի աղջկա հետ, ունեցել երկու զավակ՝ Արիստակես և Վրթանես, սակայն ավելի ուշ, իր կնոջ համահաճությամբ, թողել է ընտանեկան կյանքը՝ հանուն քրիստոնեության քարոզչության։
Հետագայում, երբ դարձավ Խոսրով արքայի որդու՝ Տրդատ թագավորի արքունի դիվանապետը, կրկին հավատարիմ էր մնում իր դավանանքին: Տրդատն էլ, իր հերթին, հավատարիմ ու պաշտպան էր իր նախնիների աստվածներին և թշնամի էր քրիստոնեության: Սակայն մի հաղթանակից հետո, Անահիտ աստվածուհու մեհյանում կազմակերպված խնջույքի ժամանակ հասկանալով, որ Գրիգորը քրիստոնյա է, ինչպես նաև իր հորը սպանած Անակի որդին, Տրդատ արքան նրան չարչարանքների է ենթարկում և նետում Խոր Վիրապի ստորգետնյա զնդանը:
Տրդատը հրամայել էր, որ Գրիգորն էլ հաղթանակի պսակ նվիրի Անահիտ աստվածուհուն, սակայն վերջինս մերժել էր կատարել արքայի հրամանը։ Տրդատն էլ, տեսնելով այս ամենը, շարունակեց պարտադրել իր հրամանը նախ հորդորներով, խնդրանքներով, ապա տանջանք ու տառապանք պատճառելով։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչը վիրապում մնաց 13 տարի։ Այդ 13 տարիները սարսափելի էին. նա ենթարկվում էր բազում չարչարանքների, վիրապում մնում օձերի, սողունների հետ, սակայն զգալով Աստծո ներկյայությունը՝ չէր հանձնվում։ Աստված էր, որ ուժ տվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչին, որ մնա մութ զնդանում և սպասի օրվան, երբ դուրս է գալու, դասվելու սրբերի շարքին և քարոզելու Լույսը։
Եվ այդպես էլ եղավ։ Վիրապից դուրս գալով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը սկսեց քարոզել քրիստոնեությունը և դարձավ Հայ Եկեղեցու առաջին հովվապետը։ Երբ նրան հանեցին խոր վիրապից, Սուրբն ասաց․ «Կենդանի եմ Աստծո շնորհիվ»։

