Վարազդատ Ղազանչյան. պլաստիկ վիրաբուժության հիմնադիր
Վարազդատ Ղազանչյանը պլաստիկ վիրաբուժության ասպարեզի նորարար հեղափոխականներից էր։ Դիմային դեֆորմացիաների վերացման եւ վնասվածքներից հետո դիմածնոտային համակարգի վերականգնման գործում բժշկական տեխնոլոգիաների նորովի եւ հիմնարար կիրառության շնորհիվ՝ նա իր կյանքի ընթացքում մեծ ճանաչման արժանացավ եւ ներկայումս հաճախ հիշվում է իբրեւ ոլորտի հիմնադիր առաջամարտիկներից մեկը։
Ղազանչյանը ծնվել է Երզնկայում 1879 թվականին: Նա եղբոր հետ աշխատում էր Սասունում, երբ համիդյան հրոսակները սկսեցին կոտորել հայ բնակչությանը: Փախչելով Թուրքիայում մոլեգնող հայերի ջարդերից՝ Ղազանչյանն իբրեւ փախստական ժամանում է ԱՄՆ, որտեղ կարողանում է ընդունվել Հարվարդի Ատամնաբուժական դպրոցը եւ շուտով հայտնի է դառնում որպես տաղանդավոր դիմածնոտային վիրաբույժ։
Առաջին համաշխարհային պատերազմը ընդմիշտ փոխեց նրա ճակատագիրը. Հարվարդի զորամասի կազմում ծառայելու տարիներին նրա անունը լայն տարածում գտավ՝ ռազմաճակատի հոսպիտալում 3,000 դիմային վնասվածքների հաջող վերականգնումից հետո, և նրան հռչակեցին որպես «Արեւմտյան ճակատի հրաշագործ»։ Ի դեպ, «հրաշագործ» նրան անվանել է նաև Զիգմունդ Ֆրոյդը: Երբ Ֆրոյդի մոտ քաղցկեղ է ախտորոշվել և նրա ծնոտը հիվանդությունից վնասվել էր, հենց Ղազանչյանը վիրահատեց հոգեբանին։ Վիրահատությունը հաջող ավարտ ունեցավ, ավելին՝ Ֆրոյդը դրանից հետո նորից կարողացավ խոսել և հայ բժշկին անվանեց «հրաշագործ»։
Իր ջանքերի ու ծառայությունների համար Ղազանչյանը Մեծ Բրիտանիայի Ջորջ արքայի կողմից արժանացել է Սբ. Միքայելի եւ Սբ. Գեւորգի շքանշանին։
Պատերազմի ավարտից հետո Ղազանչյանը վերադառնում է Հարվարդի համալսարան, որտեղ ավարտում է ուսումն ու բժշկի դիպլոմ ստանում: Ապա նա սկսում է սեփական պրակտիկա վարել պլաստիկ վիրաբուժության զարգացող ասպարեզում և դառնում Հարվարդի բժշկական դպրոցի առաջին պրոֆեսորը պլաստիկ վիրաբուժության գծով: Իր գործունեության ընթացքում այդ թեմայով նա տպագրել է ավելի քան 150 գիտական հոդված։
Ղազանչյանը բազմաթիվ մրցանակներ եւ կոչումներ է ստացել գործընկերներից եւ մասնագիտական միություններից, այդ թվում՝ Պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժության ամերիկյան ընկերությունից։

