Տիգրան Համասյան. հայկական արմատներով ջազային վիրտուոզը
Ով չի լսել տաղանդավոր Տիգրան Համասյանի մասին: Իսկ ով ունկնդրել է նրա կատարումները, վստահորեն կարող է պնդել՝ այս տաղանդավոր երաժիշտն ունի սեփական ուրույն լեզուն, որը հասկանալու համար ընդամենը պետք է զգալ ոգով: Նա ոգին ապրեցնում է:
Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում: Տասնամյակներ անց աշխարհը նրան կճանաչի որպես հանճարեղ ջազ դաշնակահար:
1997 թ.-ին Համասյանների ընտանիքը տեղափոխվում է Երևան, որպեսզի Տիգրանը լրջորեն զբաղվի ջազով, որի հանդեպ հետաքրքրությունը ցուցաբերել է երկու տարեկանից, իսկ ավելի ուշ Տիգրան Համասյանն իր կրթությունը շարունկում է ԱՄՆ-ում:
Տիգրանի կյանքում շատ են եղել փառատոններ աշխարհի տարբեր բեմերում՝ Ֆրանսիա, ԱՄՆ, եվրոպական այլ երկրներ, Մոսկվա: Այս բոլոր դահլիճները ուղղակի պայթել են ծափերով այն բանից հետո, երբ իր մատների տակ լռել են վերջին հնչյունները….
Նրան աջակցել են ժամանակակից ջազի աստղեր Ուեյն Շորտերը, Հերբի Հենկոկը, Ջոն ՄաքԼաֆլինը, Ջո Զավինուլը և ուրիշները:
Համասյանը հաճախ է համերգներով հանդես գալիս նաև հայրենիքում՝ Հայաստանում, ընդ որում սիրում է հետաքրքիր ձևաչափերով համերգներ: Օրինակ, 2024 թվականին նա առավոտյան համերգով հանդես եկավ Սյունիքի մարզի Խուստուփ լեռան հարևանությամբ գտնվող Փսկու Խութում (K7)։ Համերգի խորագիրն էր՝ «Հող ու ջուր»:
«Կա գերագույն արժեք` բնություն, բնությունից ծնված մարդ, մարդուց ծնված մշակույթ: Մեր նախնիները սրբավայր Խուստուփ լեռան մոտ էին փնտրում իրենց արթնացումը»,- ասել էր Համասյանը:

