Ապարանյան ձմեռը զարդարեց «Դիվանագիտությունը լեռներում» սպորտային մրցույթը

Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում տեղակայված «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային համալիրում առաջին անգամ տեղի ունեցավ «Մայլեռ ձմեռային խաղեր 2026․ դիվանագիտությունը լեռներում» սպորտային մրցույթը։ Այն իրականացվեց ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ և համախմբեց Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների 130 ներկայացուցչի։

Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 20 դիվանագիտական առաքելություններ և միջազգային կառույցներ, այդ թվում` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չեխիայի, ՄԱԿ-ի, Կարմիր խաչի, ԵՄ դիտորդական առաքելության, միջազգային ֆինանսական կազմակերությունների, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ:

300 մետր երկարությամբ սահուղու վրա շուրջ 50 մասնակից մրցեցին կանանց ու տղամարդկանց համար նախատեսված լեռնադահուկ և սնոուբորդ անվանակարգերում։ Մրցույթի նախորդ օրը մասնակիցների համար կազմակերպվել էր մարզումային փուլ պրոֆեսիոնալ հրահանգիչների կողմից՝ ապահովելու նրանց անվտանգ սահքը:

Սահուղիներում բոլոր պատվիրակները փայլեցին իրենց պատրաստվածությամբ, իսկ Ֆրանսիայի թիմն առանձնացավ առաջատար հորիզոնականներ նվաճած սահորդներով։ Մրցույթի արդյունքներով պատվո հարթակին կանգնեց 7 մասնակից։ Ջերմ և ընկերական միջավայրում տեղի ունեցավ հաղթողների պարգևատրման արարողությունը: