Արման Ծառուկյանը պատրաստվում է մրցաշարի

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը, Արիոզոնայում սկանդալով ավարտված հաղթական գոտեմարտից 10 օր անց հերթական գոտեմարտը կանցկացնի ըմբշամարտում:
Մարտի 11-ին մարզիկը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կմասնակցի Hype Fighting Championship-ի կողմից կազմակերպվող մրցաշարին:

Կազմակերպության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Ծառուկյանի մրցակիցը դեռ հայտնի չի: Այս օրերին Արման Ծառուկյանն ԱՄՆ-ում է եւ պատրաստվում է Բրազիլիայի մրցաշարին: Նրան օգնում են աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ Մաքսիմ Մանուկյանը եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ Վալոդյա Ֆրանգուլյանը:

Մարտի 1-ին ԱՄՆ-ում անցկացված Real American Freestyle 6 լիգայի մրցաշարում Արման Ծառուկյանը 5:3 հաշվով հաղթել էր ամերիկացի Ջորջո Պուլասին, որին հաջորդել էր զանգվածային ծեծկռտուք: