Արցախը կհնչի Ձմեռային օլիմպիական խաղերում

Արդեն երկու օրից Իտալիայում կմեկնարկեն Ձմեռային օլիմպիական խաղերը: Հայաստանի 5 ներկայացուցիչներ ևս փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում կմասնակցեն Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին:

Գեղասահքի զույգերի առաջին օլիմպիական ուղեգիրը ՀՀ անկախության շրջանում նվաճած սպորտային զույգ Կարինա Հակոբովա-Նիկիտա Ռախմանինը անակնկալ են պատրաստել հայ երկրպագուներին ու ողջ հայության համար. նրանք կարճ ծրագրով հանդես կգան Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։

Ի դեպ, այս ծրագրով հենց զույգը նվաճեց ուղեգիրը՝ Պեկինում կայացած ISU To Milano որակավորման մրցաշարում ստանալով արծաթե մեդալներ։ Փետրվարի 15-ին, երբ զույգը կմասնակցի Հայաստանի Օլիմպիական նորամուտին, մենք կհիանանք և՛ իրենց կատարմամբ, և՛ հզոր երաժշտական ուղեկցությամբ:

Ի դեպ, խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ Կարինա Ակոպովան-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը կլինի Հայաստանի դրոշակակիրը: