Բուլղարիա, Բրազիլիա. հայ բռնցքամարտիկներին հագեցած տարի է սպասվում

Նոր տարի, նոր մրցաշրջան և այս մրցաշրջանը հագեցած է համապետական և միջազգային միջոցառումներով:

Օրինակ, բռնցքամարտի մարզիկների ընդհանուր մարզավիճակի մասին լիարժեք պատկերացում կտա փետրվարի 8-ին Երևանում մեկնարկելիք ՀՀ առաջնությունը: Արդյունքների հիման վրա կկազմվի երկրի գլխավոր հավաքականը, որը հանդես կգա միջազգային ասպարեզներում:

Առաջին ստուգողականը տեղի կունենա Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ՝ փետրվարի 21-27-ը կայանալիք Ստրանջայի միջազգայինում: Եվ մեծ են շանսերը, որ ռինգում աչքի ընկած մարզիկներին տեղի մարզասերները կոգևորեն նաև Սոֆիայում սեպտեմբերի 19 -26-ը անցկացվելիք Եվրոպայի առաջնության օրերին:

Բուլղարիային կհաջորդի Բրազիլիայում ապրիլի 20-ին մեկնարկելիք աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը (երկրորդ և երրորդ փուլերը տեղի կունենան Չինաստանում ՝ հունիսին և Տաշքենդում ՝ նոյեմբերին):

Հայ բռնցքամարտիկների աշխատանքի որակի մասին ցույց կտան բռնցքամարտի համաշխարհային ֆեդերացիայի՝ World Boxing-ի ծրագրում տեղ գտած միջազգային ստուգատեսները, որոնցում հանդես կգան նաև Հայաստանի կաշվե ձեռնոցի վարպետները: