Եվրոպայի հրաձգության առաջնությունը՝ առաջին անգամ Հայաստանում
Փետրվարի 28-ից Երևանը կդառնա գնդակային հրաձգության եվրոպական կենտրոնը․ մեր երկրում առաջին անգամ կանցկացվի Եվրոպայի առաջնություն՝ միավորելով տասնյակ երկրների լավագույն մարզիկներին։ Մրցաշարը կարևոր իրադարձություն է ոչ միայն հայկական հրաձգության, այլև ամբողջ մարզական կյանքի համար, քանի որ նման մակարդակի մրցում Հայաստանը մինչ այժմ չի հյուրընկալել։
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի ներկայացրած ծրագրի համաձայն՝ առաջնությունը կտևի փետրվարի 28-ից մինչև մարտի 4-ը։ Այս օրերին մայրաքաղաքում կանցկացվեն ինչպես շարժվող թիրախի, այնպես էլ օդամղիչ հրացանի և ատրճանակի տարբեր ձևաչափերի մրցումներ՝ անհատական, թիմային և խառը կարգերով։ Հատկանշական է, որ մի շարք կարգերում հանդես կգան նաև Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները։
Մեկնարկը՝ շարժվող թիրախով
Առաջնությունը կբացվի փետրվարի 28-ին՝ շարժվող թիրախի «նորմալ վազք» մրցաձևով (դանդաղ վազք)։ Մրցումներին կմասնակցեն տղամարդիկ, կանայք և երիտասարդներ։ Հայաստանի հավաքականն այս կարգում ունի մասնակիցներ։
Մարտի 1-ին կշարունակվեն նույն ձևաչափի մրցումները՝ արդեն «արագ վազք» ենթաձևով, որին կհաջորդեն եզրափակիչ փուլերը։ Նույն օրը կանցկացվեն նաև օդամղիչ հրացանի և օդամղիչ ատրճանակի մի շարք մրցումներ՝ ներառյալ միքս ձևաչափերը։ Կանանց և տղամարդկանց անհատական պայքարում ևս Հայաստանը կունենա ներկայացուցիչներ։
Թիմային և միքս ձևաչափերի օր
Մարտի 2-ը հագեցած է լինելու ինչպես անհատական, այնպես էլ խառը թիմային պայքարով։ Օդամղիչ հրացանի և ատրճանակի կանանց ու տղամարդկանց մրցումներից բացի, ծրագրում ներառված է նաև միքս ատրճանակի մրցույթը, որտեղ ևս մեր հավաքականը կունենա մասնակցություն։ Նույն օրը կանցկացվի շարժվող թիրախի խառը թիմային մրցաձևը։
Վճռորոշ փուլեր և սոլո մրցումներ
Մարտի 3-ին և 4-ին առաջնությունը կմտնի վճռորոշ փուլ։ Կանցկացվեն օդամղիչ հրացանի և ատրճանակի եռյակ թիմային մրցումները, ինչպես նաև սոլո ձևաչափերը՝ տղամարդկանց և կանանց համար։ Շարժվող թիրախի «խառը վազք» մրցաձևով ևս կկայանան պայքարներ։
Վերջին օրը՝ մարտի 4-ին, նախատեսված են օդամղիչ հրացանի տղամարդկանց և կանանց սոլո եզրափակիչները, ինչպես նաև օդամղիչ ատրճանակի եռյակ թիմային մրցումները։ Մի շարք կարգերում Հայաստանը կրկին ներկայացված կլինի իր մարզիկներով։
Նոր փուլ հայկական հրաձգության համար
Երևանում Եվրոպայի առաջնության անցկացումը կարելի է գնահատել որպես հայկական հրաձգության զարգացման նոր հանգրվան։ Սա հնարավորություն է ոչ միայն մեր մարզիկների համար մրցելու բարձրակարգ մրցակիցների հետ սեփական հարկի տակ, այլև երկրի մարզական հեղինակության ամրապնդման կարևոր քայլ։
Առաջնությունը, որը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ, միաժամանակ փորձություն է կազմակերպչական կարողությունների համար և կարևոր ազդակ՝ ապագայում ևս նման մասշտաբի մրցումներ հյուրընկալելու ճանապարհին։

