Հենրիխ Մխիթարյանի փայլուն վերադարձը
Ավելի քան մեկ ամիս նա դուրս չեկավ խաղադաշտ վնասվածքի պատճառով և ահա փայլուն ու ոգևորիչ վերադարձ:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ ու լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, որն հոկտեմբերի 25-ին Ա Սերիայի 8-րդ տուրի «Նապոլիի» դեմ խաղում ստացել էր վնասվածք, վերադարձավ խաղադաշտ՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ։ 36-ամյա ֆուտբոլիստը փոխարինման մտավ 2-րդ կեսի մեկնարկին։ «Ինտեր» — «Վենեցիա» գավաթային խաղն ավարտվեց 5:1 հաշվով:
Այս հաղթանակի շնորհիվ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր։
Իտալական ԶԼՄ-ները ոգևորված են, ահա նրանց արձագանքը.
Tuttomercatoweb. «Երկար դադարից հետո նա շատ վստահ վերադարձավ, մոտ էր գոլին և կատարեց ասիստ»:
Linterista. «Դաշտ դուրս եկավ այնպես, կարծես մեկ ամիս բաց չէր թողել, չէր եղել մեկամսյա դադար: Ակտիվ, դիպուկ, մշտապես այն հատվածներում, որտեղ անհրաժեշտ է»:
Հզոր և վստահ վերադարձ, որը ոգևորիչ է Հենրիխ Մխիթարյանի բոլոր երկրպագուների համար:

