Սամվել Ազիբեկյանը 4-8-րդ տեղերն է բաժանել միջազգային շաշկու կայծակնային ժամանակակարգով խաղի մրցաշարում
Հայաստանը ներկայացնող Սամվել Ազիբեկյանը հաջող է մասնակցել Իսպանիայի Սալոու քաղաքում ընթացող միջազգային շաշկու բաց մրցաշարի շրջանակում անցկացված բլից ժամանակակարգով մրցմանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի շաշկու ֆեդերացիայից։
Ազիբեկյան 7 խաղափուլերում գրանցել է 4 հաղթանակ, 2 ոչ-ոքի՝ պարտվելով միայն աշխարհի գործող չեմպիոն, միջազգային գրոսմայստեր նիդեռլանդացի Յան Գրունենդեյկին։ Վերջինս այս պարտիայում իրականացրել է, մասնագետների գնահատմամբ, բացառիկ գեղեցիկ՝ 6-քայլանոց կոմբինացիա, որը հավակնում է մրցաշարում լավագույններից դառնալուն։
Սամվել Ազիբեկյանը վաստակելով 10 միավոր՝ 7-րդ հորիզոնականն է գրավել 4-8-րդ տեղերը բաժանած մասնակիցների խմբում։ Ընդ որում, ամփոփիչ մրցաշարային աղյուսակում շրջանցել է փորձառու մրցակիցների։
Հայ մարզիկն ընդամենը 1 միավոր է զիջել մրցանակային եռյակն ամբողջացրած նիդեռլանդացիներին, որոնցից լրացուցիչ ցուցանիշներով հաղթող է հռչակվել Ջիթս Սլամպը։ Հաջորդ տեղերում են Մաթեո Բոքսումը և Սիմոն Հարմսման։
Մրցաշարին մասնակցում էին 65 շաշկիստներ, որոնցից 31-ն ունեն միջազգային տարբեր կոչումներ։ Սամվել Ազիբեկյանը մասնակցելու է նաև մրցաշարի ծրագրով նախատեսված դասական մրցակարգով երեք պարտիաների։

