100% արդյունք Սոչիում. հայ մարզիկները նվաճել են 4 ոսկե և 1 արծաթե մեդալ պարասպորտի «Իմպուլս» փառատոնում
Հայաստանի պատվիրակությունը փայլուն արդյունքներ է գրանցել Ռուսաստանի Սոչի քաղաքում անցկացված ադապտիվ սպորտի «Իմպուլս» միջազգային փառատոնում։ Մեր հայրենակիցները հայրենիք են վերադառնում 5 մեդալով՝ 4 ոսկե և 1 արծաթե:
Հատկանշական է, որ Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված բոլոր 5 մարզիկներն էլ արժանացել են մրցանակային տեղերի։ Ըստ ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության՝ մեր մարզիկները տպավորիչ ելույթներ են ունեցել պարածանրամարտ, պարաբազկամարտ և պարա սեղանի թենիս մարզաձևերում։
Ոսկե մեդալակիրներն են.
- Արթուր Բաբայան և Ռաֆայել Համազասպյան (պարածանրամարտ),
- Արամ Մարտիրոսյան (պարաբազկամարտ),
- Գևորգ Բեգլարյան (պարա սեղանի թենիս)։
Փառատոնի արծաթե մեդալակիր է դարձել Սարգիս Մխիթարյանը, ով երկրորդ պատվավոր տեղն է զբաղեցրել պարաբազկամարտ մարզաձևում։ Այս հաջողությունը ևս մեկ անգամ փաստում է հայկական պարասպորտի ներուժն ու մեր մարզիկների անկոտրում կամքը միջազգային ասպարեզում։

