2026-ին երեք խոշոր մարզական միջոցառում կանցկացվի Հայաստանում
Գալիք տարին ակտիվություն է խոստանում մեր երկրի մարզական կյանքում: 2026 թվականին Հայաստանում 3 խոշոր մարզական միջոցառում է անցկացվելու:
Այդպես, փետրվարի 27-ից մարտի 5-ը Երևանում կանցկացվի սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին, նախնական տվյալներով, կմասնակցեն շուրջ 45 երկրի ավելի քան 500 մարզիկ և մարզիչ։ Վերջնական հայտացուցակը կհաստատվի փետրվարի սկզբին։ Մրցումները կկայանան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կխաղարկվի մեդալների 70 հավաքածու։
Ապրիլի 10-13-ը Երևանը կընդունի Սամբոյի աշխարհի գավաթը։ Այս փուլում մասնակցությունն արդեն հաստատել է 25 երկիր, իսկ ընդհանուր առմամբ սպասվում է 35-40 երկրի շուրջ 350 մարզիկների մասնակցություն։
Իսկ նոյեմբերին Հայաստանում կկայանա սպորտային պարերի մեծահասակների աշխարհի առաջնությունը։
ԿԳՄՍ նախարարությունը մի քանի մարզաձևերի ուղղությամբ միջազգային մրցաշարեր հյուրընկալելու հարցով ներկայում բանակցություններ է վարում:

