Ամսական 10 800 դրամ. ինչպե՞ս է ներդրվելու առողջության պարտադիր ապահովագրությունը

2026 թվականին առաջին փուլով կապահովագրվեն բնակչության երկու խմբի պատկանող անձինք, առաջինը՝ մինչեւ 18 տարեկան երեխաները, 65 եւ ավելի տարիքի, 18-65 տարեկան հաշմանդամության կարգ ունեցող, ֆունկցիոնալության գնահատական ունեցող քաղաքացիները եւ անապահովության 28-ից ավելի միավոր ունեցողները: Նրանք ապահովագրվելու են պետության կողմից եւ ապահովագրավճարը պետական բյուջեի շրջանակում վճարելու է պետությունը: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով Առողջության համընդհանուր ապահովագրության մասին դրույթները:
Նրա խոսքով՝ հաջորդը 200.000 դրամից ավելի աշխատավարձ կամ դրան հավասարեցված եկամուտ ունեցող քաղաքացիներն են: 200.000-ից 500.000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները պետք է վճարեն տարեկան 129.600 դրամ, որն ամսական 10.800 դրամ է  կազմում: Վճարումն ամսական կտրվածքով է իրականացվելու է: Վերջիններս «Զինապահ» հիմնադրամին այսօր վճարվող 5.500 դրամի փոխարեն վճարելու են 1000 դրամ, մնացած 4500 դրամը կարողանալու են ուղղել առողջության ապահովագրությանը:

Նախարարի ներկայացմամբ՝ սոցիալական կրեդիտների շրջանակում 200.000-ից 500.000 դրամ ստացող քաղաքացիներն ամսական մինչեւ 6000 դրամի շրջանակում կարողանալու են գումարի վերադարձ ստանալ:

Նախարարի խոսքով այս տարում վերոնշյալ խմբերի համար ֆինանսական հավելյալ բեռ չի առաջանա:

«Մեր ապահովագրական փաթեթի արժեքը՝ ապահովագրավճարը, ըստ էության, ֆիքսված է եւ նույնական բոլոր քաղաքացիների համար: Ամեն մարդ վճարում է իր ապահովագրության եւ կոնկրետ փաթեթի համար: Որպեսզի ունենանք սոցիալական համերաշխության սկզբունքի պահպանում, այսինքն՝ նվազ եկամուտներ ունեցող քաղաքացիների եւ բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիների համար ֆինանսական նույնական բեռ չթողնենք, Կառավարությունը որոշել է նման սուբսիդավորման համակարգ ներդնել»,- հայտարարել է Անահիտ Ավանեսյանը: