Ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում կբարձրանան փոխհատուցման սահմանաչափերը
Ապրիլի 1-ից Հայաստանում ուժի մեջ կմտնեն պարտադիր ավտոապահովագրության՝ ԱՊՊԱ համակարգի մի շարք փոփոխություններ։ Դրանք վերաբերում են հիմնականում փոխհատուցումների չափերին, որոնք կբարձրացվեն՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժածների վնասները ավելի ամբողջական ծածկելու համար։
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյից հայտնում են, որ փոփոխությունները ամրագրված են Բյուրոյի խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 38-Լ որոշմամբ հաստատված և Հայաստանի կենտրոնական բանկի կողմից 2026 թվականի հունվարի 30-ին գրանցված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում։
Ինչպես են փոխվում փոխհատուցումների չափերը
Կատարված փոփոխություններով բարձրացվում են ապահովագրական գումարների՝ այսինքն փոխհատուցումների առավելագույն սահմանաչափերը։
Մասնավորապես, եթե մինչ այժմ գույքին պատճառված վնասների համար առավելագույն փոխհատուցման չափը կազմում էր 1 միլիոն 800 հազար դրամ, ապա ապրիլի 1-ից այն կդառնա 2 միլիոն 500 հազար դրամ։
Փոփոխություն կա նաև անձնական վնասների դեպքում։ Նախկինում այս ուղղությամբ սահմանված առավելագույն փոխհատուցումը 3 միլիոն 300 հազար դրամ էր, իսկ նոր կարգավորմամբ այն կբարձրանա մինչև 3 միլիոն 500 հազար դրամ։
Փոփոխություններ նաև մեկ պատահարի ընդհանուր սահմանաչափերում
Միաժամանակ վերանայվել են նաև այն սահմանաչափերը, որոնք վերաբերում են մեկ ապահովագրական պատահարի հետևանքով բոլոր տուժողներին պատճառված վնասների ընդհանուր գումարին։
Գործող համակարգում այս սահմանաչափերը նույնպես համամասնորեն բարձրացվել են։ Այսպիսով՝ մեկ պատահարի շրջանակում բոլոր տուժողներին պատճառված գույքային վնասների համար առավելագույն փոխհատուցման ընդհանուր չափը սահմանվել է 25 միլիոն դրամ, իսկ անձնական վնասների դեպքում՝ 35 միլիոն դրամ։
Ինչու են բարձրացվում սահմանաչափերը
Ավտոապահովագրողների Բյուրոյում նշում են, որ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող փոխհատուցումների չափերը այլևս ամբողջությամբ չէին համապատասխանում իրականությանը։
Ըստ Բյուրոյի՝ վերջին տարիներին ավտովթարների հետևանքով առաջացող վնասների ծավալը զգալիորեն աճել է, և նախկին սահմանաչափերը շատ դեպքերում չէին կարողանում ամբողջությամբ ծածկել տուժածների կրած վնասները։
Նոր փոփոխությունների նպատակն է, որպեսզի ԱՊՊԱ համակարգը ավելի արդյունավետ աշխատի և ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած քաղաքացիների շահերը առավել ամբողջական պաշտպանվեն։

