Էլեկտրամոբիլ ներկրած 630 քաղաքացի հետ կստանա վճարած մաքսատուրքը

ՀՀ ավելի քան 630 քաղաքացի հետ կստանա 2025 թվականին էլեկտրամոբիլի համար վճարած մաքսատուրքը։ Այս լուրը հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«636 քաղաքացի, որոնք անցյալ տարի էլեկտրական մեքենա են ներմուծել և մաքսազերծել, իրենց վճարած մի քանի միլիոն դրամ մաքսատուրքը պետությունից հետ կստանան։ Դիլերներն իրենց 3000 քվոտայից 636-ը չեն օգտագործել, մենք էլ այն տեղափոխել էինք անհատների և իրավաբանական անձանց դաշտ։ Ստացվում է, որ 5001-րդ քաղաքացին, որը մոտեցել է ու վճարել է մաքսատուրքը՝ հետ կստանա իր մաքսատուրքը։ Այդպես գումարները հետ կստանան նաև 5002-րդ, 5003-րդ և մինչև 5636-րդ մարդը»,- մանրամասնել է Պապոյանը՝ նշելով, որ Պետական եկամուտների կոմիտեն մինչև հունվարի 10-ը կհրապարակի այդ ցանկը։

Հիշեցնենք, որ 2025 թվականին էլեկտրամոբիլ ներմուծելու և անվճար մասազերծելու համար 5000 քվոտա տրամադրվել էր անհատներին և իրավաբանական անձանց, 3000 քվոտան էլ՝ դիլերներին։ 2026 թվականի համար Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում ստացել է 15 հազար էլեկտրամոբիլների` առանց մաքսատուրքի ներմուծման քվոտա։ Այդ արտոնությունը կտարածվի նաև հիբրիդային մեքենաների, ինչպես նաև էլեկտրական ավտոբուսների և բեռնատարների վրա։

Դեկտեմբերին սկզբին ԱԺ-ում ելույթի ժամանակ նախարար Պապոյանը հայտարարեց, որ 2030 թվականին ՀՀ-ում պետք է ունենանք առնվազն 100 հազար էլեկտրամոբիլ: Այսօրվա դրությամբ Հայաստանում կա շշուրջ 40 000 էլեկտրամոբիլ: