Ծառայություններն ու շինարարությունը՝ Հայաստանի տնտեսական աճի շարժիչ ուժեր

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) շաբաթական մակրոամփոփագրի տվյալներով՝ Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6%-ով։

Աճի հիմնական շարժիչ ուժերն են եղել ծառայությունների ոլորտը (+9,9%) և շինարարությունը (+20,7%)։

Միաժամանակ, արդյունաբերական արտադրությունը տարվա սկզբին նվազել է 5,7%-ով, ինչն, ըստ բանկի, պայմանավորված է թանկարժեք մետաղների առևտրի և վերամշակման ծավալների փոփոխությամբ։

Այս միտումը նաև հանգեցրել է արտահանման (-46,8%) և ներմուծման (-33,3%) կրճատման՝ տարվա ինն ամիսների կտրվածքով։

Այնուամենայնիվ, երրորդ եռամսյակում արդյունաբերության աճը վերականգնվել է՝ կազմելով +5,1%, ինչը, ըստ ԵԱԶԲ-ի, կարող է դառնալ տնտեսական ակտիվության լրացուցիչ խթան տարվա մնացած ընթացքում։