Նոր խաղի կանոններ ներդրումների դաշտում․ հավասար պայմաններ բոլորի համար
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Ներդրումների մասին» նոր օրենքի նախագծին, որը սահմանում է խտրականության բացառման երաշխիքներ՝ ազգային ռեժիմի և առավել բարենպաստ վերաբերմունքի (most-favored-nation) սկզբունքներով:
Ազգային ռեժիմով օտարերկրյա ներդրողները կունենան տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ: Առավել բարենպաստության ռեժիմով՝ օտարերկրյա ներդրողները համանման իրավիճակներում կստանան նույնանման բարենպաստ պայմաններ, ինչ այլ օտարերկրյա ներդրողները ՀՀ-ում:
Էկոնոմիկայի փոխնախարար Լիլյա Սիրականյանը նշեց. «Սա նշանակում է, որ ցանկացած օտարերկրյա ներդրող իրավունք ունի ակնկալելու Հայաստանից նույն մակարդակի բարենպաստ վերաբերմունք, ինչ որ ունեն այլ երկրների ներդրողները»:
Ներկայիս «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին և կարգավորում է միայն օտարերկրյա ներդրումները: Նոր նախագիծը տարածվելու է և՛ տեղացի, և՛ օտարերկրյա ներդրողների վրա՝ ստեղծելով միասնական, թափանցիկ և կայուն իրավական դաշտ:
Բացառություններ կլինեն միայն ԵԱՏՄ-ի, Մաքսային միության և այլ միջազգային պայմանագրերով կարգավորվող դեպքերում:
Նախագիծը նաև սահմանում է ներդրումների պաշտպանության երաշխիքներ՝ իրավական և ֆիզիկական անվտանգություն, կապիտալի ու գույքի ազատ տեղաշարժ և փոխարկում, աշխատողներ վարձելու իրավունք, վեճերի արդյունավետ լուծում, արդարադատության մատչելիություն և այլն:
Նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը՝ նպատակ ունենալով բարելավել ներդրումային միջավայրը և դարձնել այն ավելի գրավիչ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ներդրողների համար:

