Ոսկին շարունակում է արագ թանկանալ
Ոսկու գինը շարունակում է արագ աճել. տարեսկզբից ի վեր ազնիվ մետաղը թանկացել է ավելի քան 55 տոկոսով:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 999 հարգի ոսկու 1 գրամն արժե 50 հազար 43 դրամ, մինչդեռ շուրջ 3 ամիս առաջ՝ սեպտեմբերի 1-ին, դրա արժեքը 42 հազար 183 դրամ էր։ Սա նշանակում է, որ վերջին 3 ամսում ոսկին թանկացել է շուրջ 20 %-ով։
Ոսկու վաճառքով զբաղվողները գների նվազում չեն կանխատեսում և պատճառը նաև միջազգային շուկայում տիրող վիճակն է: Այդպես, Նյու Յորքի COMEX ապրանքային բորսայում դեկտեմբերի մատակարարմամբ ոսկու ֆյուչերսների գինը բարձրացել է 0.48% և հասել մեկ տրոյական ունցիայի համար 4,197.50 ԱՄՆ դոլարի։ COMEX-ում արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նույնպես աճել է 1.48%-ով՝ հասնելով 52.41 դոլարի մեկ ունցիայի համար։
Տնտեսագետները թանկացումը բացատրում են այն հանգամանքով, որ ոսկին շարունակում է մնալ ներդրման հուսալի միջոց, որը վերջին տարիներին ապահովել է տարեկան շուրջ 13 տոկոս աճ, ինչը բարձր է անգամ ավանդային ներդրումների միջին 10 տոկոս եկամտաբերությունից։ Հետևապես ոսկին` որպես ներդրումային միջոց, բավականին գրավիչ է հատկապես համաշխարհային ճգնաժամերի և անորոշության պայմաններում: Սակայն այստեղ կարևոր նրբություն կա. իրականում ոչ թե ոսկին է թանկանում, այլ արժույթներն են արժեզրկվում։

