2025թ․–ին Հայաստանում բացահայտվել է 363 մլրդ դրամի «ստվերային» շրջանառություն․ ՊԵԿ նախագահ

2025թ․–ին Հայաստանում բացահայտվել է 363 մլրդ դրամի «ստվերային» շրջանառություն, ինչը 44%-ով բարձր է 2024 թվականի ցուցանիշներից։ Այս մասին 2025 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
«Բացահայտվել են նաև 124 մլրդ դրամի «թաքցված» հարկեր (2024 թվականի համեմատ աճը՝ 29%)։ Բյուջե է վերականգնվել 37 մլրդ դրամ, ինչը 4%-ով ավելի է, քան 2024 թվականին։ Ընդ որում, օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը կրճատվել է 22%-ով»,- ներկայացրել է Հակոբյանը։
ՊԵԿ նախագահի խոսքով, «թվային» ստուգումների տեսակարար կշիռն աճել է մինչև 40% (2024 թվականի 7%-ի դիմաց)։
«Դժվար է գնահատել «ստվերային» տնտեսության իրական ծավալները, սակայն միջազգային կառույցների գնահատականներով այն կարող է կազմել Հայաստանի տնտեսության 20%-ը։ Ֆինանսների նախարարության գնահատականներով, որոնք կիսում ենք նաև մենք, խոսքը ՀՆԱ-ի 3-4%-ի մասին է»,- ասել է Հակոբյանը, հավելելով, որ այս  տեսանկյունից ամենառիսկայինը շինարարության և առևտրի ոլորտներն են։