«Կասկադ» համալիրի նախագիծը հավանություն ստացավ

Երևանի խորհրդանշական «Կասկադ» համալիրի վերակառուցման ծրագիրը պաշտոնապես անցնում է գործնական փուլ։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նախագծին, որի նպատակն է վերափոխել տարածքը՝ պահպանելով դրա մշակութային արժեքն և ձևավորելով ժամանակակից քաղաքային միջավայր։

Քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանի խոսքով՝ ներդրումային ծրագրի ծավալը դեռ չի հրապարակվում, սակայն գործընթացը արդեն մեկնարկել է։ Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել էր, որ մրցույթում հաղթած «GTB Development» ընկերությունը պատրաստ է ներդնել 20,05 միլիարդ դրամ, ինչպես նաև վճարել քաղաքապետարանին 10,4 միլիոն դրամ՝ հողամասի կադաստրային արժեքով։

«Կառավարությունը հաստատել է ներկայացված ներդրումային ծրագիրը, և այս որոշմամբ այն մտնում է իրագործման փուլ», — նշել է Թևանյանը՝ հավելելով, որ ներդրողի հետ կկնքվեն պայմանագրեր, որոնք կկարգավորեն նոր հատվածի կառուցման և հարակից տարածքների օտարման գործընթացները։

Առաջիկայում կսկսվեն Կասկադի վերին հատվածի կառուցապատման աշխատանքները, որոնք կներառեն նաև նախկինում անավարտ մնացած շինարարության հիմքերի վերականգնումը։ Միաժամանակ կանցկացվեն քննարկումներ ԿԳՄՍ նախարարության հետ՝ հաստատելու ներկայացված կոնցեպտը և մշակելու ճարտարապետական գլխավոր հատակագիծը։

Թևանյանի խոսքով՝ նախագծային ընկերության հետ կատարվում են զուգահեռ աշխատանքներ՝ տեխնիկական բնութագրերը հստակեցնելու և նախագծի արագ ու որակյալ իրականացումն ապահովելու համար։