Նոր նախագիծ՝ ռազմական գործողությունների ժամանակ անհայտ կորած անձանց մասին. ի՞նչ է սահմանվում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի փաթեթին:
Հանձնաժողովի նիստում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նախաձեռնության նպատակն է լուծում տալ առաջացած խնդրին՝ սահմանելով գործուն կարգավորումներ՝ ուղղված անհայտ կորած անձանց իրավական վիճակի կարգավորմանը, նրանց, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությանը:
“Անհայտ կորած անձ է համարվում զինծառայողը, ինչպես նաեւ զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անձը, այդ թվում՝ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված եւ մարտական գործողությունների շրջան մեկնած կամավորականը, որն անհետացել է ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետեւանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հայտարարված զինադադարի ընթացքում կամ ռազմական գործողություններին հաջորդող վեցամսյա ժամկետում՝ խաղաղ պայմաններում, եւ հավաստի տեղեկությունների համաձայն՝ նրա վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրվանից 72 ժամ անց ծառայության վայրում կամ եթե նրա ընտանիքի անդամների մոտ տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի եւ ճակատագրի մասին: Սահմանվում են անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքի անդամների իրավական վիճակը, անհայտ կորած անձանց իրավունքները, ընտանիքի անդամների՝ անհայտ կորած անձի ճակատագիրն ու գտնվելու վայրն իմանալու եւ այլ իրավունքները, շահառուների՝ վնասի հատուցում եւ աջակցություն ստանալու իրավունքը, անհայտ կորած անձանց հետախուզումը եւ այլն»,- ներկայացրել է նախարարը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փաթեթին, այն կքննարկվի խորհրդարանի հերթական լիագումար նիստում:

