Նոր սոցիալական նախաձեռնություններ՝ Արցախից տեղահանվածների աջակցման համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց մի շարք նոր ծրագրեր, որոնք նպատակ ունեն աջակցել Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին և փոքրաթիվ ընտանիքներին, որոնք, իրենց առանձնահատուկ սոցիալական և առողջական պայմաններից ելնելով, առկա սոցիալական աջակցություններից լիարժեք չեն օգտվել կարողանում։

Որոշ  ընտանիքներ կգրանցվեն սոցիալական բնակարանային ֆոնդի հերթացուցակում

«Մենք առաջարկում ենք նոր ծրագիր, որը հնարավորություն կտա այս ընտանիքներին գրանցվել սոցիալական բնակարանային ֆոնդի հերթացուցակում՝ որպես պոտենցիալ շահառու։ Նրանց թիվը հիմնականում փոքր է՝ մեկից երեք անդամ ունեցող ընտանիքներ, որոնք ունեն խորը կամ ծանր հաշմանդամություն կամ բարձր տարիքի են»,- նշեց նախարար Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ այս ընտանիքները, նույնիսկ եթե բավարարեն հավաստագրի ստացման բոլոր պայմաններին (մասնավորապես՝ ՀՀ քաղաքացին լինելու պահանջին), չեն կարողանալու այդ գումարով լիարժեք օգտվել աջակցությունից, քանի որ դրա չափը փոքր է: «Մեր ծրագիրը նրանց հնարավորություն է տալիս 10 տարվա ընթացքում ստանալ վարձավճարի մասնակի փոխհատուցում՝ վարձի 40%-ի չափով: Եթե սոցիալական բնակարան լինի նրանց մոտակայքում և կենսական կարիքներին համապատասխան, նրանք կարող են տեղափոխվել այնտեղ՝ ստանալու կայուն և ապահով բնակության հնարավորություն»,- հավելեց նա:

Ծրագրի շահառուները

Թորոսյանի խոսքով՝ այս նոր ծրագրի շահառուները կլինեն այնպիսի ընտանիքներ, որտեղ անդամները ունեն անժամկետ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն, խորը կամ ծանր ֆունկցիոնալ անկարողություն կամ 60 և ավելի տարեկան անդամներ: Օրինակ՝ մեկ անդամը կարող է 40 տարեկան և առաջին խմբի հաշմանդամություն ունենալ, իսկ մյուսը՝ 60 տարեկան: Երկու կամ երեք հոգանոց ընտանիքներում նրանց տարիքը չի կարող գերազանցել համապատասխան սահմանաչափերը՝ 115 կամ 175 տարի:

Ներկա սոցիալական աջակցությունը կերկարաձգվի մինչև 2026-ի վերջ

Նախարարն նշեց, որ ներկայումս աջակցություն է տրամադրվում հազարավոր քաղաքացիների՝ ամսական 30 000 դրամի չափով: Ընդհանուր առմամբ, այս ծրագրերը ընդգրկում են ավելի քան 44 000 քաղաքացու, իսկ լրացուցիչ օգնությամբ (40 000–10000 դրամ) աջակցվում է մոտ 6 000 քաղաքացու, որոնց մեկ շնչի եկամուտը ցածր է 55 000 դրամից: Նախատեսվում է ծրագրի երկարաձգում մինչև 2026 թվականի վերջ:

Ծրագիր՝ ինքնազբաղվածության խթանման համար

Թորոսյանը նաև ներկայացրեց նոր նախաձեռնություն, որը ուղղված է տեղահանված անձանց փոքր բիզնես հիմնելու և իրենց կենսագործունեությունը զարգացնելու հնարավորություններին: Ծրագիրը կներառի երեք կոմպոնենտ՝

  1. Բիզնես ուսուցման դասընթացներ՝ մինչև 300 000 դրամի աջակցությամբ,

  2. 12 ամիս բիզնես ուղեկցում՝ ամսական 60 000 դրամ,

  3. Կապիտալ ներդրման փոխհատուցում՝ ծախսի 70%-ի չափով, բայց առավելագույնը 2 միլիոն դրամ:

«Ծրագիրը իրականացվելու է պրոֆեսիոնալ կազմակերպությունների միջոցով՝ ապահովելով, որ քաղաքացիները ստանան իրական, գործնական օգնություն, այլ ոչ թե ուղղակի ֆինանսական աջակցություն»,- պարզաբանեց նախարար Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ այս նախաձեռնությունների հիմնական նպատակը բնակապահովման ծրագրերի արդյունավետության բարձրացումն ու զբաղվածության խթանումն է՝ հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ բնակչության զբաղվածությունը ավելի դժվար է ապահովել: