Վրաստան–Հայաստան սահման․ ի՞նչ խնդիրների առաջ են կանգնած հայ վարորդները
Մի քանի օր շարունակ հայկական բեռնատարները կանգնած էին Վրաստան–Հայաստան սահմանին՝ Կոբի և Գեզի մաքսակետերում։ Վարորդները պնդում էին, որ առանց պաշտոնական պարզաբանման վրացական կողմը յուրաքանչյուր մեքենայից պահանջում է 600 դոլար։ Ստեղծված իրավիճակը հարցեր առաջացրեց՝ արդյո՞ք սա տեխնիկական խոչընդոտ էր, կոռուպցիոն ռիսկ, թե քաղաքական ճնշում։
Միգրացիոն հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանի խոսքով՝ վարորդները ահազանգել են, որ մի քանի օր շարունակ չեն կարողանում հատել սահմանը, մինչդեռ որևէ հստակ պատճառաբանություն իրենց չի ներկայացվում։ Նրանց պարզապես հայտնել են, որ սպասում են «վերևից հրահանգի»։ Բեժանյանի փոխանցմամբ՝ Կոբի և Գեզի անցակետերում կանգնած էին ոչ միայն հայկական համարանիշներով մեքենաներ, այլև Հայաստան բեռ տեղափոխող վրացական և բելառուսական բեռնատարներ։
Այսինքն՝ խնդիրը վերաբերում էր ընդհանուր առմամբ Հայաստան եկող բեռներին։ «Ես որևէ պաշտոնական մեկնաբանություն չգտա՝ ո՛չ վրացական, ո՛չ հայկական կողմից։ Վարորդներին նույնպես որևէ բացատրություն չէր տրվել։ Պարզապես ասել էին՝ սպասեք հրահանգի», — նշում է նա։ Խնդիրը, բարեբախտաբար, օրեր անց լուծվել է․ վարորդներին տեղեկացրել են, որ կարող են շարունակել ճանապարհը։
Փորձագետը կարծում է, որ դրանում դեր է ունեցել բարձրացված աղմուկը․ վարորդները դիմել են լրագրողների, փորձագետների, ինչի արդյունքում փորձ է արվել ներգրավել պատասխանատու մարմիններին։ Միևնույն ժամանակ, նա ընդգծում է, որ սա առաջին դեպքը չէ։ Անցած տարվա աշնանն էլ վարորդները բարձրաձայնում էին, որ բեռները սահմանով անցկացնելու համար գումար են պահանջում։ Փորձագետի համոզմամբ՝ նման դեպքերում պետական մակարդակով անմիջական կապը և արագ արձագանքը կարևոր են՝ հետագա կրկնություններից խուսափելու համար։

