Փոփոխություններ՝ ավարտական քննությունների և փոխադրման կարգում
ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման, սովորողների փոխադրման, ավարտման և բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան փոխադրման կարգում:
Ըստ այդմ՝ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ սովորողի հաջորդ դասարան փոխադրման, հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտման, ինչպես նաև գնահատման համար սահմանված են հետևյալ կարգավորումները։
Փոխադրում
- 5-8-րդ և 10-11-րդ դասարաններ — բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր ստացած սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան։
- 9-րդ դասարան — տարեկան 4-10 և ավարտական քննություններից 8-20 միավոր ստացած սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան։
- Ինտելեկտի (մտավոր) խնդիրներով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանի հիման վրա՝ անկախ տարեկան գնահատականներից։
Ավարտում
- 12-րդ դասարան — ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 և պետական ավարտական բոլոր քննություններից 8-20 միավոր գնահատված շրջանավարտը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ և համարվում է հաստատությունն ավարտած:
Գնահատում
- 2025-2026 ուստարում 1-4-րդ դասարաններում (Տավուշի մարզում՝ նաև 5-րդ դասարանի I կիսամյակ) սովորողի կիսամյակային և տարեկան ամփոփիչ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ մյուս դասարաններում ուսումնական առարկաներից կիսամյակային և տարեկան գնահատականները ձևավորվում են սովորողի կիսամյակային գնահատականների հիման վրա էլեկտրոնային մատյանում՝ ինքնաշխատ եղանակով։
- 2026-2027 ուսումնական տարվանից ՀՀ բոլոր հաստատությունների 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի I կիսամյակում գնահատումն իրականացվում է բնութագրման միջոցով:
- Մյուս դասարաններում տարեկան գնահատականները ձևավորվում են էլեկտրոնային մատյանում՝ կիսամյակային գնահատականների հիման վրա։
Վերաքննություն
- 5-12-րդ դասարաններում տարեկան 1-3 միավոր ստացած սովորողը հանձնում է վերաքննություն՝ հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-25-ը։
- Վերաքննություններին չմասնակցելու կամ առնվազն երկու առարկայից կրկին 1-3 միավոր ստանալու դեպքում սովորողը կրկնում է տվյալ տարվա դասընթացը (12-րդ դասարանում՝ չի ավարտում)։
Պետական ամփոփիչ ատեստավորում
4-րդ դասարան․ ատեստավորումն իրականացվում է տարեկան բնութագրերի հիման վրա՝ ինքնաշխատ եղանակով։ Ցածր արդյունք ունեցող սովորողը փոխադրվում է 5-րդ դասարան և ընդգրկվում է երկարօրյա խմբում։
9-րդ դասարան՝ ավարտական քննություններ՝
- Հայոց լեզու (գրավոր թեստ)
- Գրականություն և Հայաստանի պատմություն (էսսե)
- Մաթեմատիկա (գրավոր թեստ)
- Օտար լեզու (բանավոր)
- Բնագիտություն (ընտրությամբ՝ թեստ կամ նախագծային աշխատանք)
- Ֆիզկուլտուրա (ստուգարք)
- Ռուսերենով ուսուցմամբ դասարաններում՝ Ռուս գրականություն
- Ազգային փոքրամասնությունների դասարաններում՝ մայրենի լեզու և գրականություն։
12-րդ դասարան՝ պետական ավարտական քննություններ (հունվար/հունիս)՝
- Հայոց լեզու և Հայ գրականություն (թեստ)
- Մաթեմատիկա (թեստ)
- Հայաստանի պատմություն (թեստ)
- Ռուս գրականություն (ռուսերենով ուսուցմամբ դասարաններում)
- Մայրենի լեզու և գրականություն (ազգային փոքրամասնությունների դասարաններում)։
Թեստերը կազմում է ԳԹԿ-ն։ Քննություններից 1–7 միավոր ստանալու դեպքում սահմանվում է վերաքննություն (հուլիս/օգոստոս)։ Երկու առարկայից կրկնակի անբավարարի դեպքում սովորողը կրկնում է դասընթացը։
Մանրամասներին ծանոթացեք ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում:

