Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում կայացավ «Տգեղը» ներկայացման առաջնախաղը
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնը (ԵԷԹ) հանդիսատեսին ներկայացրեց գերմանացի ժամանակակից դրամատուրգ Մարիուս ֆոն Մայենբուրգի «Տգեղը» պիեսի հայկական բեմադրության առաջնախաղը։
Բեմադրությունը առանձնանում է նորարարական մոտեցումներով և լիովին համապատասխանում է ժամանակակից թատրոնի գեղարվեստական մտածողությանը։ Այն նպատակ ունի հանրահռչակել ժամանակակից դրամատուրգիան և անդրադառնալ սոցիալական կարևոր թեմաների՝ անհատի ինքնության ճգնաժամին, հասարակության արտաքին տեսքի մոլուցքին և ժամանակակից աշխարհի արժեքային հակասություններին։
Պիեսի սյուժեն տեղի է ունենում ժամանակակից քաղաքում, որտեղ արտաքին գեղեցկությունը դարձել է ամեն ինչի չափանիշ։ Գլխավոր հերոսը՝ Լեթեն, միշտ համարել է իրեն սովորական մարդ, մինչև որ բացահայտվում է ցնցող ճշմարտությունը՝ շրջապատի աչքերում նա անտանելի տգեղ է։ Գեղեցկության առևտրայնացումը հանգեցնում է խորքային հարցերի ինքնության, անհատականության և հասարակության արտաքինի հանդեպ մոլուցքի մասին։ Սուր հումորով և սոցիալական սուրությամբ լեցուն այս սատիրան բացում է ժամանակակից մարդու ամենացավոտ վախերը՝ հաջողության, ճանաչման և կատարյալության ձգտման հետ կապված։ Ներկայացումը ստիպում է հանդիսատեսին և՛ ծիծաղել, և՛ լուրջ մտորել։
«Տգեղը»-ն երիտասարդական թատրոնի համար ոչ միայն նոր բեմադրություն է, այլև հնարավորություն՝ ցույց տալու թարմ գաղափարներով և էքսպերիմենտալ մոտեցումներով լի ստեղծագործական ներուժը։ Հանդիսատեսին սպասվում են հետաքրքիր և մտորումներ առաջացնող երեկոներ։

