Երևանի հնագույն Կարմիր կամուրջը վերանորոգումից հետո վերադարձրել են հանրությանը
Երևանը այսուհետ կարող է հպարտանալ ևս մեկ հնությամբ, որը, անշուշտ, շատ մեծ հետաքրքրություն կառաջացնի թե՛ մեր երկրի հյուրերի, թե՛ ՀՀ քաղաքացիների շրջանում:
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող Կարմիր կամուրջ հուշարձանն ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներից հետո վերաբացվել է:
Կարմիր կամուրջը Երևանի պատմամշակութային ժառանգության վառ օրինակն է, որն այսուհետ հասանելի է դարձել մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար:
Կարմիր կամուրջ հուշարձանի վերականգնումն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության ու բարերարի միջև 2022 թվականին կնքված համագործակցության հուշագրի շրջանակում: Հուշարձանը վերականգնվել է 2024-2025 թթ. բարերար Յուրի Աֆրիկյանի միջոցներով` պահպանելով վերակառուցումների արժեք ներկայացնող բոլոր պատմական շերտերը:
Այն գտնվում է Հրազդան գետի վրա և այսօրվա դրությամբ Երևանում պահպանված ամենահին կամուրջն է: Այն համարվում է միջնադարյան Հայաստանի ամենախոշոր ինժեներական կառույցներից մեկը․ ունի 11 մ բարձրություն, 80 մ երկարություն, 6,5 մ լայնություն։
Միմյանց կապելով Հրազդանի կիրճի ափերը՝ կամուրջը ճանապարհային հաղորդակցություն է ապահովել Երևանի բերդից դեպի Արարատյան դաշտավայր:
Կամուրջը 10-13-րդ դարերի կառույց է, սրբատաշ ճակատներով, թաղերով և թաղակիր ատամնաձև շարվածքով եռաշերտ պրոֆիլավոր ճակատային կամարներով: Իր գոյության ընթացքում կառույցը պարբերաբար վնասվել է երկրաշարժերից և պատմական տարբեր փուլերում տեղի ունեցած իրադարձություններից։
Մինչ 2024-2025 թթ. ամբողջական վերականգնումը՝ պահպանվել էին միայն կամրջի հարավային մեծ կամարը և հյուսիսային խուցը․ կամուրջն ըստ էության ավերված էր և ուներ հրատապ վերականգնման կարիք։

