Պատմության թանգարանի նմուշները կցուցադրվեն Ակրոպոլիսի թանգարանում

Մի քանի օրից Պատմության թանգարանը Ակրոպոլիսի թանգարանի հետ հուշագիր կստորագրի, և այս տարի արդեն Պատմության թանգարանի նմուշները կցուցադրվեն Ակրոպոլիսի թանգարանում։ Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացրելով ««ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները և ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու և դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

Ըստ նախարարի, սա հնարավորություն է ընձեռում Հունաստանի հետ տեղեկություններ փոխանցել հետաքրքրություն ներկայացնող մշակութային արժեքների հափշտակման, անօրինակ պեղումների և ապօրինի ներմուծման, արտահանման, տարանցման ուղղություններով, ինչպես նաև կկարողանանք իրականացնել մասնագետների փոխանակման ու վերապատրաստման ծրագրեր:
Նախարարի խոսքով՝ սա կօգնի, որպեսզի երկրները միմյանց տարածքից ապօրինաբար հեռացված մշակութային արժեքների հայտնաբերման և վերադարձի հարցում ունենան համագործակցություն։