Ջութակը՝ գլխավոր դերակատար. Երևանում սպասվում է գեղեցիկ համերգ
Առաջին անգամ հայկական կատարողական արվեստի պատմության մեջ հայերեն է թարգմանվել Կարլ Ֆլեշի մոնումենտալ և շրջադարձային «Ջութակ նվագելու արվեստը» աշխատությունը, որը ջութակահարների կրթությանը վերաբերող հիմնարար դասագիրքն է: Այն առաջին անգամ հրատարակվել է 1923թ.-ին և մինչ օրս մնում է ջութակահարների կրթության անկյունաքարը և մինչ այժմ լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհի երաժշտական ուսումնական հաստատություններում: «Ջութակ նվագելու արվեստը» ձեռնարկը թարգմանվել է հայերեն և անվճար կտրամադրվի Հայաստանի կոնսերվատորիաներին, երաժշտական քոլեջներին և դպրոցներին:
Այս կարևոր իրադարձությունը նշելու համար դեկտեմբերի 24-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Ջութակ նվագելու արվեստը» խորագրով համերգ։ Որպես մենակատարներ հանդես կգան գրքի գերմաներեն նոր հրատարակության խմբագիրը և հայերեն հրատարակության թարգմանիչը` ջութակահարներ Մաքսիմիլիան Սիմոնը և Արամ Բադալյանը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը։ Ծրագրում կհնչեն Է.Վ. Կորնգոլդի և Մ. Բրուխ ջութակի կոնցերտները և Մ. Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա» օպերայի նախերգանքը:

