Արտյոմ Միկոյան. խորհրդային ավիացիայի լեգենդ

Ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը ԽՍՀՄ-ում ռեակտիվ ավիացիայի հիմնադիրներից է: Լեգենդար հայ, ում գլխավորությամբ մշակված ինքնաթիռներով սահմանվել է 55 համաշխարհային ռեկորդ, որոնց զգալի մասը դեռևս մնում է չգերազանցված:

Արտեմ Միկոյանի թևավոր հրթիռների և հրթիռատիեզերական տեխնիկայի ոլորտի աշխատանքները կարևոր նշանակություն ունեն նաև տիեզերագնացության զարգացման համար:

Միկոյանը ծնվել է 1905թ. օգոստոսի 5-ին Լոռու Սանահին գյուղում: Նա ընտանիքի հինգերորդ զավակն էր, ում կնքեցին Անուշավան անունով, որը հետագայում վերածվեց Արտյոմի կամ Արտեմի: 1923թ. մոր հետ տեղափոխվում է ավագ եղբոր`Անաստաս Միկոյանի մոտ`  Դոնի Ռոստով, որտեղ սովորել է ուսումնարանում:

Ավարտելուց հետո նա աշխատանքի է անցել «Կրասնի Ակսայ» գործարանում` որպես խառատի աշակերտ: 1924թ. երիտասարդ Արտեմը մեկնում է Մոսկվա, որտեղ որոշ ժամանակ ապրում է Ստ. Շահումյանի այրու` Եկատերինա Սարգիսովայի բնակարանում: «Դինամո» գործարանում որպես խառատ աշխատանքի անցնելուց հետո տեղափոխվում է հանրակացարան:
Արտեմ Միկոյանը 1936թ. ավարտել է Մոսկվայի Ն.Ժուկովսկու անվան ռազմաօդային ճարտարագիտական ակադեմիան: 1940–70թթ. եղել է ԽՍՀՄ Ինքնաթիռաշինության փորձարարական կոնստրուկտորական բյուրոյի հիմնադիր-պետը:
Միկոյանի ղեկավարությամբ են ստեղծվել ՄիԳ-1, ՄիԳ-3 կործանիչները, ԽՍՀՄ-ում առաջին հրթիռակիր ՄիԳ-19, եռանկյուն թևով ՄիԳ-21, փոփոխելի սլաքաձև թևով ՄիԳ-23 գերձայնային կործանիչ ինքնաթիռները:

Բազմաթիվ ձևափոխություններով ՄիԳ մակնիշի ռազմական և քաղաքացիական ինքնաթիռներն ամենալայն կիրառությունն ունեն աշխարհում. կառուցվել և աշխարհի շուրջ 40 երկիր է արտահանվել այդ մակնիշի մոտ 60 հզ. ինքնաթիռ:

Եվ այսօր էլ Մոսկվայում գործող Միկոյանի անվան ճարտարագիտական կենտրոնում մշակվել է ինքնաթիռի շուրջ 200 նախագիծ, ստեղծվել ավիացիոն և հատուկ տեխնիկայի ավելի քան 120 նմուշ: