Լևոն Մալխասյան. հայկական ջազի կենդանի լեգենդ, Երևանի վառ գույներից մեկը
Կան մարդիկ, որոնք քաղաքի գույնն են, կոլորիտը, նրանք իրենք իրենցով արդեն մե՜ծ էպոխա են: Լևոն Մալխասյանը՝ Մալխասը, Երևանի ամենավառ գույներից, հնչյուններից մեկն է, Երևանի անբաժանելի մասնիկն ու մայրաքաղաքի համն ու հոտը:
Ապագա ջազմենը ծնվել է 1945թ. Երևանում: 1952-62թթ. սովորել է Ալ. Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում, ապա 1962-67թթ. ուսանել Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում` ռուսաց լեզու և գրականություն մասնագիտությամբ: Եղել է կանադացի վիրտուոզ Օսկար Պիտերսոնի աշակերտը: Ելույթ է ունեցել տարբեր խմբերում, բեմ է դուրս եկել ավելի քան 40 երկրներում:
1960թ. Արմեն Թութունջյանի և Արթուր Աբրահամյանի հետ ստեղծել է ջազային եռյակ: Անցյալ դարի 60-ականների կեսերից սկսել է նրա հաղթարշավը տարբեր երկրների փառատոններում: Նա ստացել է գրեթե բոլոր հնարավոր ու հեղինակավոր մրցանակները, հանդես եկել տարբեր խմբերում՝ «Կռունկ», «Ծիածան», «Սերպանտին»: 1983թ. հայաստանյան ջազմենների որոշմամբ ընտրվել է Երևանի ջազ ակումբի նախագահ:
1996-ին Նյու Յորքի Միջազգային ջազային ասոցիացիայի որոշմամբ ստացել է պաշտոնական սերտիֆիկատ՝ Երևանում ջազային փառատոնը բարձր մակարդակով անցկացնելու համար: 1996-ին, վերականգնելով «Առագաստ» սրճարանը, այն վերածում է ջազ‐ակումբի և սկսում կազմակերպել ջազ‐փառատոներ: 1998-ին նրա ջանքերով կայանում է միջազգային ջազային հնգօրյա փառատոն` «Ինտերնեյշնլ ջազ ֆեսթիվալ» անվանումով: Հաջորդ ջազային փառատոնին` 2000-ին, մասնակցում է նաև ջազի արքա Չիկ Կորիան: 2006-ին ևս, ջազի 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում, Երևանը հյուրընկալում է աշխարհի հայտնի ջազմենների:
2006-ին հիմնադրում է «Մալխաս ջազ ակումբը»: Այժմ Լևոն Մալխասյանը ելույթ է ունենում «70-ականների նվագախումբ» խմբում` երիտասարդ երաժիշտների հետ:
«Ես ապրում եմ, որ ջազ նվագեմ»,- ասում է բոլորի կողմից սիրված Մալխասը:
Եվ այո՛՝ Մալխասը «Երևանի պատվավոր քաղաքացի» կարմիր գրքույկի լիիմաստ տերն է: Նաև ունի «Մովսես Խորենացի» շքանշան, Լոմոնոսովի շքանշան՝ «Համաշխարհային երաժշտական մշակույթում մեծ անձնական ներդրում և արժանիքներ ունենալու համար» ժապավենով և այլն: Բայց ամենից զատ նա «իսկական էրէվանցի է», և իր ամբողջ կյանքը նվիրել է իր սիրած քաղաքին: Եվ Երևանը նրան փոխադարձ սեր է նվիրել և նվիրում….

