Կոնդ. հին քաղաք Երևանի սրտում

Կոնդը Երևանի սիրտն է, Երևանի հիշողությունն ու պատմության «արյունատար համակարգը»: Ցավոք, ժամանակակից Երևանն այնպես է կերպարանափոխվել, որ բարդ է պատկերացնել ու ապացուցել, որ այն դարավոր պատմություն ունի: Եվ ահա՝ Կոնդը հենց այն վայրն է, որտեղ ժամանակը կանգ է առել և ապացույցներն ամեն քայլափոխին են:

Կոնդ բառը նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր։  

Հին քաղաք առանց պարիսպների

Սա մեր հրաշագեղ մայրաքաղաքի այն հատվածներից մեկն է, որտեղ Երևանը մնացել է այնպիսին, ինչպիսին կար հարյուրամյակ առաջ: Ժամանակակից լուծումներն ու ճարտարապետությունն այստեղ չեն ներթափանցել, ինչը հատկապես ուրախացնում է զբոսաշրջիկներին, որոնք գալիս են հնագույն քաղաք տեսնելու և դրան ականատես չեն լինում: Մութ ու նեղլիկ փողոցներ, նրբանցքներ ու փակուղիներ, ժամանակից ծռված, բայց կանգուն տներ, հին դարպասներ. Այս ամենը, կարծես, ապրում է իր կյանքով, Երևանի մնացյալ հատվածներից անկախ: Եվ սա է, որ Կոնդին յուրահատուկ շարմ է հաղորդում:

Հիշողության ճարտարապետություն

Կոնդի տեսքը անփոփոխ է 18-րդ դարից: Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը կառուցվել է  1710 թվականին, մինչ օրս էլ համարվում է Կոնդի հոգևոր հենքը: 

Ժամանակին Կոնդով են անցել պատմական երկու ջրանցքները՝ Մամռին և Աբու-Հայաթը («կենաց ջուր»): Դրանք ոռոգում էին բակերն ու այգիները, որոնց մասնիկները պահպանվել են մինչ օրս. այսօր էլ կարելի է տեսնել խաղողի վազեր, որոնք մագլցում են հին պատերի ու դարպասների վրայով:  

Մարդիկ ու ժամանակը

Կոնդը զբաղեցնում է մոտ 16 հեկտար տարածք և ունի 4000-5000 բնակչություն։ Շատերն այստեղ ապրում են սերնդեսերունդ ժառանգվող հին տներում։ Մյուսները վարձակալում են, մինչ սպասում են իշխանությունների կողմից խոստացված վերակառուցման մեկնարկին։

Տեղացի բնակիչների համար Կոնդը ոչ միայն բնակության վայր է, այլև նրանց ինքնության մի մասը։

Անցյալի և ապագայի միջև

Այսօր Կոնդը կանգնած է փոփոխությունների շեմին։ Քաղաքային իշխանությունները քննարկում են վերակառուցման նախագծեր, որոնք նպատակ ունեն համատեղել ավանդական շենքերը ժամանակակից ենթակառուցվածքների հետ։ Բնակիչների մտահոգությունները հասկանալի են. չափազանց հեշտ է կենսունակ պատմական թաղամասը վերածել թանգարանի մոդելի։ Բայց հույս կա, որ կպահպանվեն ոչ միայն պարիսպները, այլև մթնոլորտը, և այն զգացողությունը, որ այստեղ Երևանը մնացել է այնպիսին, ինչպիսին կա: