Հիշողություն՝ պատասխանատվությունից զուրկ
Այս տարի առաջին անգամ հունվարի 27-ը Հայաստանում կհիշատակվի որպես բոլոր զինված հակամարտություններում Հայրենիքի համար զոհված զինվորների հիշատակի և խոնարհման օրը։ Օրը հայտարարված է ոչ աշխատանքային և նախորդում Հայոց բանակի օրվան, որը նշվում է հունվարի 28-ին։ Ֆորմալ առումով՝ հարգանքի ժեստ է։ Ըստ էության՝ առիթ է հնչեցնելու մի հարց, որից իշխանությունը համառորեն խուսափում է․ ինչի՞ համար են զոհվել այս մարդիկ, և ի՞նչ է երկիրը ստացել դրա դիմաց։
Մեզ առաջարկում են խոնարհել գլուխները՝ առանց աչքերը բարձրացնելու։ Հիշել զոհվածներին, բայց չխոսել այն գնի մասին, որը վճարվել է նրանց կյանքի դիմաց, և այն որոշումների հետևանքների մասին, որոնք հանգեցրել են այդ կորուստներին։
Իսկ գինը ահռելի էր։
2020 թվականի պատերազմում Հայաստանը կորցրեց շուրջ 5 հազար հայորդի, մեծամասամբ մատղաշ սերունդ, տղաների՝ իրենց ծաղկման շրջանում, զորակոչային և վերարտադրողական տարիքի։ Շուրջ 12 հազարը վիրավորում ստացան, նրանցից շատերը այլևս երբեք չեն վերականգնվի։ Եվ սրանք պարզապես ռազմական վիճակագրություն չէ։ Սա կորսված սերունդ է՝ ապագա ընտանիքներ, աշխատող ձեռքեր, սպաներ, ինժեներներ, հայրեր, որոնք այլևս չեն լինի։
Այս պատերազմի դեմոգրաֆիական հարվածը զգացվելու է տասնամյակներ շարունակ։ Այն հնարավոր չէ շտկել ոչ հիշատակի օրերով, ոչ էլ պաշտոնական ելույթներով։
Մանավանդ, որ պատերազմի ամենաթեժ պահին երկիրը լսում էր բոլորովին այլ խոսքեր. «Հաղթելու ենք։ Հաղթանակը մերն է լինելու»,— հայտարարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի հոկտեմբերին։ Իսկ շաբաթներ անց, ստորագրելով կապիտուլյացիոն համաձայնագիրը, նա արդեն ասում էր․ «Սա անչափ ծանր որոշում էր, բայց այն ընդունվել է Հայաստանի Հանրապետության ապագայի համար»։
Այդ «ապագայի» գինը չափազանց կոնկրետ էր։
2022 թվականի սեպտեմբերին, մինչև Արցախի վերջնական կորուստը, ադրբեջանական զորքերը հարձակվեցին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, այդ թվում՝ Ջերմուկի շրջանում։ Ագրեսիայի հետևանքով զոհվեց ավելի քան 200 մարդ։
Եվ կրկին՝ ոչ մի ռազմական պատասխան, ոչ մի իրական հետևանք ագրեսորի համար։
«Հայաստանը պատերազմելու ռեսուրսներ չունի», — բացատրում էր վարչապետը։ Այդպես Ջերմուկը դարձավ նոր նորմայի խորհրդանիշ․ եթե կարելի է այստեղ, ուրեմն կարելի է ամենուր։
Դա այն պահն էր, երբ ակնհայտ դարձավ՝ խոսքն այլևս միայն Արցախի մասին չէ, այլ հենց Հայաստանի։
Հաջորդ հարվածը Արցախի կորուստն էր։ Ոչ մասնակի, ոչ պայմանական՝ ամբողջական։
2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 100 հազար հայ ստիպված եղավ լքել հայրենիքը։ Նրանց թվում՝ մոտ 30 հազար երեխա։ Արցախը դատարկվեց։ Պատմական հայկական տարածքը «մաքրվեց» հայկական ներկայությունից։
Եվ դա տեղի ունեցավ ոչ թե լայնամասշտաբ պատերազմի պայմաններում, այլ իշխանության կողմից պայքարից փաստացի հրաժարման հետևանքով՝ անգամ քաղաքական և դիվանագիտական միջոցներից։ Ընդ որում, դեռ 2023 թվականի գարնանը վարչապետը հրապարակավ հայտարարել էր, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քկմ սահմաններով, ներառյալ Լեռնային Ղարաբաղը։
Իսկ բնակչության գաղթից հետո հնչեց մի արտահայտություն, որը դարձավ իշխանության նոր տրամաբանության խորհրդանիշ․
«Մենք չենք կորցրել Լեռնային Ղարաբաղը։ Մենք ձեռք ենք բերել Հայաստանի Հանրապետությունը»։
Այս բանաձևը մինչ օրս հնչում է որպես ծաղր բոլոր նրանց համար, ովքեր կորցրել են տունը, նախնիների գերեզմանները և հենց այն հողը, որի համար կռվել ու զոհվել են։
Այսօր ավելի ու ավելի հաճախ սևեռվում է Սյունիքը։ «Տարածաշրջանային հաղորդակցությունների» անվան տակ, խաղաղության և ճանապարհների ապաշրջափակման մասին խոսքերի ներքո։ Ինքը՝ Փաշինյանը, խոստովանել է, որ հրաժարվել է արցախյան օրակարգից՝ այն համարելով պետականությանը սպառնալիք։ Բայց մեկ սպառնալիքից հրաժարվելը չվերացրեց մյուսը, այլ պարզապես վտանգի սլաքներըս տեղափոխեց Հայաստանի ահմաններից ներս։
Հատկապես մտահոգիչ է այս ամենը բանակում տիրող վիճակի ֆոնին։ Պաշտպանական բյուջեն կրճատվում է։ Պարտադիր զինծառայության ժամկետը երկու տարուց կրճատվեց մինչև մեկուկես տարի։
Մինչ Հայաստանը կրճատում է ծախսերը և խոսում «խաղաղ դարաշրջանի» մասին, Ադրբեջանը իր ռազմական բյուջեն հասցնում է ռեկորդային 5 միլիարդ դոլարի՝ շարունակելով մեծացնել ռազմական ներուժը։
Միաժամանակ Բաքուն ավելի ու ավելի բաց խոսում է ոչ թե խաղաղության, այլ նկրտումների մասին․ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի», Հայաստանի հետ սահմանների պայմանական լինելու, ասում է «Գոյչա»՝ Սևանի փոխարեն։ Սա հաշտեցման խոսույթ չէ։ Սա նախապատրաստման խոսույթ է։
Եվ վերջապես՝ ևս մեկ վերք, որը իշխանությունը նախընտրում է չնկատել․ զոհվածների և անհետ կորածների ընտանիքներ։ Մարդիկ, ովքեր կորցրել են ամենաթանկը, երկխոսության փոխարեն ավելի ու ավելի հաճախ բախվում են քրեական գործերի և ձերբակալությունների։ 2025 թվականի աշնանը Պաշտպանության նախարարության մոտ տեղի ունեցած բախումը և անհետ կորած զինվորների հարազատների ձերբակալությունները այս ցավալի իրականության ընդամենը մեկ դրվագն են։
«Սգի և ցավի կարգախոսների ներքո փորձում են ապակայունացնել պետությունը», — այսպես է իշխանությունը բացատրում այն մարդկանց բողոքը, ովքեր պարզապես ուզում են վերջապես իմանալ ճշմարտությունը։
Հունվարի 27-ին մեզ առաջարկում են խոնարհել գլուխները։ Բայց հիշողությունն առանց պատասխանատվության վերածվում է ձևականության։ Իսկ խաղաղությունը՝ առանց անվտանգության՝ հետաձգված դատավճռի։
Մենք բարձր գին ենք վճարել, վճարել ենք կյանքերով։ Իսկ փոխարենը ստացել ենք պարտություն, խայտառակություն և անորոշություն։

