San Gregorio Armeno. Հայկական շունչը Նեապոլում
Վերջին մի քանի տարիներին հրաշագեղ Իտալիան ավելի հասանելի է դարձել Հայաստանից ճամփորդող քաղաքացիների համար: Եվ սիրվել հայ զբոսաշրջիկների կողմից: Իսկ գիտեի՞ք, որ Իտալիայում շատ են հայկական եկեղեցիները և բացի համաշխարհային ճանաչում ունեցող վենետիկյան Սուրբ Ղազար կղզում տեղակայված Մխիթարյան միաբանության մայրավանը, մեր հոգևոր ժառանգությունը կարելի է տեսնել Իտալիայի այլ անկյուններում ևս:
Ամենագեղեցիկ հայկական եկեղեցիներից մեկը համարվում է Նեապոլի Սուրբ Գրիգոր հայկական եկեղեցին (San Gregorio Armeno): Այն պատմական կարևոր սրբավայր է, որտեղ պահվում են Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները։ Այն կապում է հայկական հոգևոր ժառանգությունը նեապոլյան մշակույթի հետ, դառնալով ուխտատեղի հայերի և տեղացիների համար։ Եկեղեցում պարբերաբար պատարագներ են մատուցվում։
Եկեղեցին հիմնվել է հայ միանձնուհիների կողմից, ովքեր IV դարում փախել են Հայաստանից՝ Դիոկղետիանոսի հալածանքներից, իրենց հետ բերելով Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները՝ գանգը, ամփոփված պղնձե և համակ ոսկեզօծ կիսարձանի մեջ, շղթայի մասեր և այլ նշխարներ: Նեապոլի առաջին պաշտպան Սբ Գենարիոս եպիսկոպոսից հետո Գրիգոր Լուսավորիչը ճանաչվել է քաղաքի երկրորդ երկնային պաշտպանը և ունի հատուկ տոն (սեպտեմբերի 30-ին): 2000 թ.նոյեմբերի 11-ին Հռոմի Հովհաննես Պողոս II պապը Վատիկանում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին է հանձնել Գրիգոր Լուսավորչի մասունքների մի մասը, որը պահպանվում է Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու գավթում:
Այսօր էլ այս եկեղեցիում տեղի են ունենում հայկական պատարագներ և ուխտագնացություններ՝ ի ուրախություն բոլոր նրանց, ովքեր հայրենիքից գտնվում են հեռու:
Այս եկեղեցին խորհրդանշում է քրիստոնեական Եվրոպայի բազմաշերտ մշակույթը և Հայաստանի ու Իտալիայի միջև դարավոր կապը։ Այնպես որ, եթե լինեք Նեապոլում, անպայման այցելեք այս գեղեցիկ եկեղեցին և զգացեք հայկականության շունչը օտար ափերում:

