Լիլիթ Մկրտչյանը չորրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն
Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, շարունակվում է գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը։
Շարժվող թիրախի նորմալ վազք մրցաձևում կանանց եզրափակչում հայաստանյան երկու հրաձիգներ էին մրցում՝ Լիլիթ Մկրտչյանն ու Գոհար Հարությունյանը։ Վճռական պայքարում Լիլիթ Մկրտչյանը 8։6 հաշվով հաղթեց իր հայրենակցին և չորրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Երրորդ տեղը զբաղեցրեց ուկրաինացի Մարգարիտա Կարկանին։
Տղամարդկանց պայքարում ոսկե մեդալը նվաճեց շվեդ Զեսպեր Նիբերգը, արծաթը՝ լեհ Լուկաս Սզապլանը, իսկ բրոնզը՝ ֆինն Յուհանի Վուրիմանը։
Երիտասարդ տղաների մրցապայքարում ոսկին գրավեց ֆին Էրիկ Վիլկմանը, արծաթը՝ ուկրաինացի Դմիտրո Կրավեցը, իսկ բրոնզը՝ Ռոման Բերեզիցսկին։
Երիտասարդ աղջիկների եզրափակչում ոսկին ու արծաթը կրկին հայուհիներինն էր՝ Լիլիթ Մկրտչյանն ու Անահիտ Սարգսյանը։ Երրորդ տեղը զբաղեցրեց Ալինա Կտալկանը։
Հայաստանը Երևանում ընթացող ԵԱ-ում շարունակում է մեդալային հաջողություններ գրանցել։

