Հայաստանը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 106-րդն է
ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը, ըստ որի Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 2 հորիզոնականով և հայտնվել է 106-րդ հորիզոնականում։
Վարկանիշային աղյուսակի առաջատարների շարքում փոփոխություն չկա, լավագույն 10 թիմերն են` Իսպանիա, Արգենտինա, Ֆրանսիա, Անգլիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Նիդեռլանդներ, Բելգիա, Գերմանիա, Խորվաթիա:
Պորտուգալիայից կրած խայտառակ պարտությունից հետո, երբ մեր հավաքականը զիջեց մրցակցին 9:1 հաշվով, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, ամփոփելով աշխարհի առաջնության ընտրական փուլը, ներողություն խնդրեց երկրպագուներից հավաքականի վերջին պարտությունների համար:
«Որակավորման այս փուլը մեզ համար դժվար ստացվեց: Նախ ցանկանում եմ ներողություն խնդրել պարտությունների համար, գիտեմ` սպասումները մեծ էին, բայց չկարողացանք ձեզ տալ այն ուրախությունը, որին արժանի էիք: Միևնույն ժամանակ ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին, որ ամբողջ ընթացքում մեր կողքին էր: Ձեր հավատարիմ աջակցությունը մեզ ուժ է տալիս, որպեսզի շարունակենք և ավելի ամուր թիմ դառնանք: Վերադառնալու ենք ավելի պատրաստ, ավելի ուժեղ, ավելի միասնական»,- հայտարարեց Մելիքյանը:

