Ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը վառվել է Հին Օլիմպիայում. Հայաստանը ևս կմասնակցի
Իտալիայում 2026թ. կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը վառվել է Հին Օլիմպիայում:
Անբարենպաստ եղանակի պատճառով, արարողությունը Հին Օլիմպիայի մարզադաշտից տեղափոխվել էր հնագիտական թանգարան։ Ջահը վառելու համար օգտագործվել է պահեստային կրակ, որը բռնկվել էր արևի լույսով՝ նոյեմբերի 24-ին, Հերայի տաճարի մոտ:
Հայտնի հույն դերասանուհի Մերի Մինան մարմնավորել է գերագույն քրմուհուն և կրակը հանձնել է առաջին ջահակրին՝ 2024թ. Փարիզի օլիմպիական խաղերի թիավարությունից բրոնզե մեդալակիր Պետրոս Գայդացիսին։
Արարողությունը նշանավորել է Հունաստանով ձգվող 450 ջահակիրների 9-օրյա փոխանցավազքի մեկնարկը, որը կավարտվի Աթենքում: Ապա «Պանատինաիկոս» մարզադաշտում դեկտեմբերի 4-ին ջահը կհանձնվի Միլանի և Կորտինա դ’Ամպեցցոյի կազմկոմիտեին։
Հիշեցնենք, Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամներ Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգը Պեկինում անցկացված oլիմպիական որակավորման մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և նվաճել 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր: Անկախ Հայաստանի պատմության մեջ սա գեղասահքի զույգերի մրցելույթում նվաճված առաջին օլիմպիական ուղեգիրն է։
Ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնի նաև Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ Գլեբ Մոսեսովը:

