Սկսվել է Իտալիայով անցնող Ջահի փոխանցավազքը
Հաշված ամիսներ են մնացել մինչև օլիմպիական խաղերի մեկնարկը: Մարզական աշխարհը սրտատրոփ սպասում է գլխավոր միջոցառմանը: Իսկ մինչ այդ…
«Միլանո Կորտինա — 2026» ձմեռային օլիմպիական խաղերի ջահը արդեն Իտալիայի մայրաքաղաքում է: Հռոմի Պիացցա դել Քվիրինալեի հրապարակում, որը գտնվում է Իտալիայի նախագահի նստավայրի դիմաց, տեղի է ունեցել տոնական արարողություն՝ ՄՕԿ-ի նախագահ Քիրսթի Քովենթրիի ներկայությամբ: Նա իր խոսքում գովաբանել է Իտալիայի ջերմությունն ու էներգիան, իսկ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան կոչ է արել հարգել օլիմպիական զինադադարը:
Ապա մեկնարկել է ջահի փոխանցավազքը. միջին տարածության վազորդ Ջանկառլո Պերիսը, որը 1960թ. Հռոմի օլիմպիական խաղերի վերջին ջահակիրն էր, կրակի լապտերը հանձնել է Միլանո Կորտինայի հիմնադրամի նախագահ Ջովաննի Մալագոյին, ով այնուհետև վառել է ջահի կաթսան։
Առաջիկա շաբաթների ընթացքում փոխանցավազքը կանցնի 12,000 կիլոմետր՝ Իտալիայի 300 քաղաքներով: Վազքին կմասնակցեն մարզիկներ, արվեստագետներ, շարքային քաղաքացիներ: Մարզահանդեսի բացման նախօրեին՝ փետրվարի 5-ին կրակը կհասնի Միլանի լեգենդար «Սան Սիրո» մարզադաշտ, որտեղ փետրվարի 6-ին տեղի կունենա խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանը ևս մասնակցելու է օլիմպիական խաղերին:

