Փայլուն հաղթանակ. Էդմոնդ Խուդոյանը նվաճել է WBA Asia-ի չեմպիոնական տիտղոսը
Հայազգի բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի փոխչեմպիոն Էդմոնդ Խուդոյանը առաջին փայլուն հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում։
29-ամյա մարզիկը վստահ հաղթանակ է տարել ֆիլիպինցի Ժեպլեքս Կիրանտեի (6–0) նկատմամբ և միանգամից նվաճել WBA Asia-ի չեմպիոնական գոտին նվազագույն քաշային կարգում։ Նկատենք՝ իր առաջին մենամարտում, և այս իմաստով այս հաղթանակը էլ ավելի վառ ու հիշարժան է:
Նշենք, որ մենամարտը կայացել է Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում անցկացված IBA.PRO 14 բռնցքամարտային երեկոյի շրջանակում։ Մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են Խուդոյանին՝ 100-90, 100-90 և 99-91 հաշվով։
Խուդոյանի համար այս մենամարտը երկար սպասված անցում էր հաջողակ սիրողական կարիերայից դեպի պրոֆեսիոնալ բռնցքամարտ, ունենալով Եվրոպայի չեմպիոն և աշխարհի փոխչեմպիոն տիտղոսները: Նրա դեբյուտը չափազանց համոզիչ էր. պրոֆեսիոնալ ռինգում իր առաջին ելույթից նա անմիջապես բարձրացավ WBA տարածաշրջանային վարկանիշային աղյուսակի վերև:

