«Փոշի ու երազանքներ». լույս է տեսել Յուրա Մովսիսյանի կյանքի և կարիերայի մասին գիրքը

Լույս է տեսել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի կյանքի, ֆուտբոլային կարիերայի մասին պատմող գիրքը, որը կոչվում է «Փոշի ու երազանքներ»:

Այս մասին հայտնել է մարզիկը՝ ուրախացնելով իր երկրպագուներին.

«Վերջապես եկավ այս պահը: Ամիսներ տևած քրտնաջան աշխատանքից և մի ամբողջ կյանքի հիշողություններից հետո, այժմ կարող եք նախապես պատվիրել իմ դեբյուտային գիրքը՝ «Փոշի և երազանքներ», մի պատմություն, որը ծնվել է փոշուց և մարմնավորվել երազներում: Այն հիշեցում է, որ մեծությունը միշտ չէ, որ գալիս է մեծ մարզադաշտերից կամ կատարյալ խաղադաշտերից: Երբեմն այն սկսվում է մոռացված անկյուններից, կոտրված հողից, երեխաների սրտերում, ովքեր խաղում են, երբ ցուրտ է և ցերեկվա լույսը մարում է»,- սոցցանցի իր էջում գրել է Մովսիսյանը:

Յուրա Մովսիսյանը ծնվել է 1987 թվականի օգոստոսի 2-ին Բաքվում, որտեղ ընտանիքը ապրել է մինչև «1991 թ.-ի վերջը կամ 1992 թ.-ի սկիզբը», այն պատճառով, թե ինչպես էին «մարդիկ սպանում …»։ Այնուհետև Մովսիսյանների ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ և բնակություն հաստատել Լոս Անջելեսում։ Մովսիսյանը ֆուտբոլ է խաղացել Փասադենա քաղաքի ավագ դպրոցում, որտեղ էլ մեկ տարի անց նրան  հայտնաբերել են ՄԼՍ-ից և 2006 թվականին Յուրան տեղափոխվել է ՄԼՍ Սուպերդռավթ։

Նույն թվականին նա կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը Կանզաս Սիթի ակումբի հետ, որի կազմում անցկացրել է 28 խաղ և խփել 5 գնդակ։ 2007 թվականին Յուրան պայմանագիր է կնքում Ռեալ Սոլտ-Լեյկ ակումբի հետ, որի կազմում անցկացնում է 2 սեզոն և 53 խաղում խփում 15 գնդակ։ Այդ ընթացքում Յուրա Մովսիսյանը նաև դառնում է MLS-ի չեմպիոն։

2010 թվականի օգոստոսի 11-ին Մովսիսյանը իր առաջին հանդիպումը անցկացրեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։  Նա խաղում էր Հայաստանի հավաքականի կազմում 2010-2015 թվականներին, սակայն հետո երեք տարի շարունակ ազգային հավաքական չէին հրավիրում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ վիճաբանության պատճառով։