2025ին Հայաստանը 15%-ով ավելացրել է մրգի և բանջարեղենի մատակարարումները ԵԱՏՄ շուկաներ

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների միջև ներքին առևտրի ծավալը 2025 թվականի արդյունքներով կազմել է շուրջ 95 մլրդ ԱՄՆ դոլար։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ  (նախարար) Դանիյար Իմանալիևը հայտնել է, որ 2025 թվականին արձանագրվել է աճ մի շարք ապրանքախմբերի գծով։ Մասնավորապես, նախորդ տարվա արդյունքներով սննդամթերքի, տեքստիլի և կոշիկի ոլորտներում ակնկալվում է շուրջ 20% աճ, փայտանյութի և թղթի ցելյուլոզայի արտադրանքի մասով՝ մոտ 14% աճ, իսկ քիմիական արտադրանքի գծով՝ շուրջ 2,3% աճ։

Անցած տարի Հայաստանը 15%-ով ավելացրել է մրգի և բանջարեղենի մատակարարումները ԵԱՏՄ շուկաներ, իսկ Հայաստանից թարմ սառեցված ձկան արտահանումը ԵԱՏՄ անդամ երկրներ աճել է 21%-ով։

«2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին փոխադարձ առևտրի շրջանառության տեսակարար կշիռը ԵԱՏՄ երկրների արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 20%»,- հավելել է նախարարը։