Fitch․ Հայաստանի տնտեսության աճը 2025-ին կկազմի 5,5%

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսության իրական աճը 2025 թվականին կկազմի շուրջ 5,5%։

 

Վերլուծաբանների գնահատմամբ՝ տնտեսական ակտիվությունը շարունակում է բարձր մնալ շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆինանսական ծառայությունների ոլորտներում, թեև աճի տեմպերը որոշակիորեն դանդաղել են՝ 2022–2024 թվականների միջին 8,9% ցուցանիշի համեմատ։ Այդ բարձր ցուցանիշները հիմնականում պայմանավորված էին ռուսական կապիտալի ներհոսքով և միգրացիոն աճով։

Fitch-ը նաև կանխատեսում է, որ 2026–2027 թվականներին տնտեսական աճը կմնա 5%-ից բարձր։ Դրան կնպաստի ծառայությունների ոլորտի կայուն զարգացումը, ինչպես նաև Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկը, որը ԱՄՀ-ի գնահատմամբ կարող է այդ տարիներին ՀՆԱ-ի աճին ավելացնել մոտ 1,25 տոկոսային կետ։

Գործակալությունը նշում է, որ միջնաժամկետ հեռանկարում տնտեսական աճի լրացուցիչ ներուժ կարող է ձևավորվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կայուն իրականացման և Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացման արդյունքում։

Պետական բյուջեի համաձայն՝ 2025 թվականին Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 5,1%, իսկ 2026 թվականին՝ 5,4%։ Կենտրոնական բանկի հաշվետվության տվյալներով՝ 2025 թվականի արդյունքներով ՀՆԱ-ի աճը կարող է կազմել 5,9%, 2026 թվականին՝ 4,1–6,3%, իսկ 2027 թվականին՝ 4,9–5,3%՝ կախված սցենարից։

Միջազգային կառույցների կանխատեսումները ևս պահպանողականորեն դրական են․ ԵԱԶԲ-ն սպասում է 6% աճ 2025-ին և 5,3%՝ 2026-ին, Համաշխարհային բանկը՝ համապատասխանաբար 5,2% և 4,9%, ԱՄՀ-ն՝ 5% և 5,5%, ՎԶԵԲ-ը՝ 6% և 4,5%, իսկ ԱԶԲ-ն՝ շուրջ 6% աճ։