Այս տարի խաղողի մթերումը կլինի անխոչընդոտ. նախարարը խոստացավ
2026-ին ևս, նախորդ 2 տարիների նման, խաղողի մթերումը կլինի անխոչընդոտ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նրա խոսքով՝ այդ խնդրի լուծման համար մթերողների հետ աշխատում են դեռևս տարեսկզբից։
Նախարարը նաև լուսանկար է հրապարակել և գրել. «Այս լուսանկարում «Պռոշյանի կոնյակի գործարանի» կողմից ձեռք բերված 22 հատ 165տ տարողությամբ նոր պահամաններից մեկն է, որը ձեռք է բերվել Կառավարության արտադրողականության խթանման ծրագրի միջոցով։ Ընկերությունը այս ծրագրի միջոցով ձեռք է բերել նաև բարձր արտադրողականությամբ մամլիչ, ջարդիչ և ընդունման նոր բունկեր, ինչպես նաև վերազինում է կաթսայատունը։
Սարքավորումների ընդհանուր արժեքը շուրջ 1.3 մլն դոլար է, իսկ վարկի/լիզինգի տոկոսադրույքները կվճարի Կառավարությունը»։
Ի դեպ, «Հայ Թայմս»—ը հետաքրքրվեց և պարզեց, որ 2025 թվականին Հայաստանում մթերվել է շուրջ 200 000 տոննա խաղող, ինչը 2024 թվականի համեմատ (164 200 տոննա) զգալի աճ է արձանագրել։

