Անշարժ գույքի շուկան՝ սպասվող սրբագրման փուլում
Հայաստանում անշարժ գույքի շուկան գտնվում է գերարժևորման փուլում․ գործող գները տնտեսապես հիմնավորված մակարդակից բարձր են շուրջ 20–25 տոկոսով։ Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյան։
Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկի վերլուծությունը ցույց է տալիս, որ առկա իրավիճակը կարճաժամկետ չէ և ժամանակի ընթացքում շուկան ինքնակարգավորվելու է։ «Տարիների ընթացքում այս գերարժևորումը մարվելու է․ կամ գները աստիճանաբար կիջնեն իրենց բնական մակարդակին, կամ շուկան այդ տարբերությունը կլանելու է այլ մեխանիզմներով»,— նշեց Ազատյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ անգամ գների 20–25 տոկոսանոց անկման դեպքում ֆինանսական համակարգը պատրաստ է նման սցենարին։ Բանկային համակարգը, նրա գնահատմամբ, ունի բավարար դիմակայունություն՝ այդ ռիսկերը կառավարելու համար, և նման զարգացումները չեն սպառնա դրա կայունությանը։
Այդուհանդերձ, Ազատյանը չբացառեց, որ անշարժ գույքի շուկայում սրբագրումները կարող են ունենալ որոշակի տնտեսական հետևանքներ՝ կապված ներդրումային ակտիվության կամ պահանջարկի փոփոխության հետ։ Սակայն, նրա խոսքով, այդ ազդեցությունները համակարգային վտանգ չեն ներկայացնում և չեն խաթարի բանկային ոլորտի ընդհանուր հավասարակշռությունը։

