Գազային գործոն. Ինչպես կանդրադառնա Ռուսաստանի հետ համաձայնագրի վերանայումը ՀՀ տնտեսության վրա

Մոսկվայի նախազգուշացումը 2013 թվականի գազային համաձայնագիրը վերանայելու հնարավորության մասին դարձել է վերջին տարիների ամենալուրջ տնտեսական ազդակներից մեկը, որն ուղղված է եղել Հայաստանին։ Առայժմ խոսքը միայն այդ սցենարի հավանականության մասին է՝ Երևանի եվրոինտեգրման գործընթացի շարունակման պարագայուն, սակայն նման քայլի կյանքի կոչումը անխուսափելիորեն կհարվածի երկրի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին։

 

2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագիրը Հայաստանին ապահովում է ռուսական գազի մատակարարումներ արտոնյալ պայմաններով: Այսօր հանրապետությունը գազը գնում է մոտ 165 դոլարով հազար խորանարդ մետրի դիմաց: Հաշվի առնելով վառելիքի կալորիականությունը՝ գինը սահմանին հասնում է մոտ 177 դոլարի, ինչը այդուհանդերձ հանդիսանում  է ամենացածր գներից մեկը ողջ հետխորհրդային տարածքում: Ավելի ցածր գին ապահովել է միայն Բելառուսը: 

Սակայն եթե համաձայնագիրը չեղարկվի, և Ռուսաստանը մատակարարումները փոխադրի շուկայական պայմանների, իրավիճակը կարող է արմատապես փոխվել: Որպես կողմնորոշիչ՝ փորձագետները բերում են գազի եվրոպական գները, որոնք վերջին ամիսներին տատանվում էին հազար խորանարդ մետրի դիմաց 600–700 դոլարի սահմաններում:

 

Այդ դեպքում Հայաստանի համար գազի արժեքը կարող է ավելանալ ավելի քան երեք անգամ: Համապատասխանաբար կաճեն նաև ներքին սակագները: Եթե այսօր սպառողների համար գազի վերջնական գինը կազմում է մոտ 360 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, ապա շուկայական գնագոյացման դեպքում այն ընդունակ է բարձրանալ մինչև 750–800 դոլար:

 

Նման սցենարը կնշանակի ոչ միայն կոմունալ վճարների բարձրացում։ Հետևանքները շատ ավելի լայն են լինելու։ Առաջին հերթին մեծ հարված կհասվի գյուղատնտեսությանը։ Հայկական ջերմոցային տնտեսությունները տասնամյակներ շարունակ զարգացել է համեմատաբար էժան ռուսական գազի պայմաններում։ Էներգակիրների արժեքից ուղղակիորեն կախված է փակ գրունտում բանջարեղենի, մրգերի և ծաղիկների աճեցումը։ Գների կտրուկ աճը կարող է հանգեցնել ձեռնարկությունների շահութաբերության նվազման, արտադրության կրճատման և արտադրանքի գների բարձրացման։ Չմոռանանք, որ այս ամենը կկատարվի հայկական արտադրանքի համար ռուսական շուկայի փակման և այլընտրանքային շուկաների բացակայության պայմաններում։

 

Ոչ պակաս լուրջ հետևանքներ կլինեն արդյունաբերության համար։ Գազն օգտագործվում է շատ արտադրական գործընթացներում, իսկ ծախսերի աճը ավտոմատ կհանգեցնի արտադրանքի ինքնարժեքի բարձրացման և հայկական ընկերությունների մրցունակության նվազման։

 

Հատուկ խնդիր է էլեկտրաէներգետիկայի վրա ազդեցությունը։ Տարբեր գնահատականներով՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի 40-ից 47 տոկոսն այսօր արտադրվում է բնական գազով աշխատող ջերմաէլեկտրակայաններում։ Հետևաբար վառելիքի թանկացումը անխուսափելիորեն կհանգեցնի էլեկտրաէներգիայի սակագների աճի։

 

Սա կգործարկի շղթայական ռեակցիա գրեթե ողջ տնտեսության մեջ։ Ավելի թանկ կդառնա սննդամթերքի արտադրությունը, կաճեն տրանսպորտային ծախսերը, կբարձրանան առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների գները։ Ըստ էության խոսքը տնտեսության վրա մեծամասշտաբ ինֆլացիոն ճնշման ռիսկի մասին է։

 

Տեսականորեն պետությունը կարող է փորձել մեղմել հետևանքները սակագների սուբսիդավորման հաշվին։ Սակայն բյուջեի հնարավորությունները սահմանափակ են։ Նման էական գնաճը փոխհատուցելու համար անհրաժեշտ կլինեն զգալի ֆինանսական միջոցներ։ Արդեն գոյություն ունեցող պետական պարտքի պայմաններում նման միջոցառումները հղի թն տնտեսական կոլապսով։

 

Ավելին, փորձագետները նշում են, որ նույնիսկ մեծամասշտաբ սուբսիդավորումը կարող է փոխհատուցել սակագների աճը միայն մասնակի։

 

Այս ֆոնին հայկական իշխանությունների հայտարարությունները չափից ավել լավատես են հնչում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ լուծումները կգտնվեն բանակցությունների միջոցով, իսկ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը խոսում է կառավարության մոտ ռեզերվային սցենարների առկայության մասին։ Սակայն հնարավոր արձագանքման կոնկրետ մեխանիզմները դեռ չեն բացահայտվում։

 

Հետևաբար 2013 թվականի համաձայնագրի հնարավոր վերանայման հարցը Հայաստանի համար ունի ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական նշանակություն։ Նման սցենարի իրականացման դեպքում հետևանքները կզգան ոչ միայն ձեռնարկություններն ու բիզնեսը, այլև գրեթե յուրաքանչյուր հայկական ընտանիք՝ սակագների աճի, ինֆլացիայի և կյանքի ընդհանուր թանկացման միջոցով։