Գյուղացիներին մինչեւ 2 մլն դրամ անտոկոս վարկ կտրվի
Կառավարությունը նոր որոշում է ընդունել՝ գյուղացիներին աջակցելու համար։
2026-2027 թվականներին գործարկվում է համընդհանուր ծրագիր, որը կվերաբերվի բոլոր գյուղատնտեսական տնտեսություններին՝ անկախ նրանց գործունեության ուղղությունից։ Հատուկ շեշտը դրվում է փոքր տնտեսությունների վրա, որոնք հաճախ չեն կարողանում խոշոր ներդրումներ անել։
Յուրաքանչյուր շահառու կկարողանա ստանալ 1-ից մինչև 2 մլն դրամ վարկ 0% տոկոսադրույքով։ Պետությունը ամբողջությամբ կսուբսիդավորի տոկոսները (սուբսիդիայի առավելագույն չափը՝ 14%)։
Վարկի մարման ժամկետը սահմանվում է մինչև 3 տարի։ Ամենակարևոր արտոնությունը՝ առաջին 6 ամիսը գյուղացիները չեն վճարում ոչ միայն տոկոսներ, այլև մայր գումարի մասը։ Վեցերորդ ամսից սկսած միայն կսկսվի մայր գումարի մարման գործընթացը։
Շահառուները կարող են օգտվել ծրագրից մի քանի անգամ՝ աստիճանաբար լրացնելով սահմանաչափը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ծրագիրը գյուղացիների շրջանում հայտնի է որպես «անտոկոս վարկ»։ Վեցամսյա արտոնության տրամաբանությունն այն է, որ գյուղացին վարկը վերցնի գարնանը, ամռան-աշնանը հավաքի բերքը, ստանա եկամուտ և հետո սկսի մարել վարկը։

